Եվրամիությունը չեղարկել է հունիսի 3-ին նախատեսված Ռուսաստան-ԵՄ գագաթաժողովը, իսկ անդամ երկրները հրաժարվել են Ռուսաստանի հետ երկկողմ գագաթաժողովներից: Այս մասին հայտարարել է Եվրախորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը:

Հաղորդվում է, որ բացի դրանից, ԵՄ-ի երկրների առաջնորդները պայմանավորվել են ընդլայնել պատժամիջոցների ցուցակը:
Ընդլայնված «սեւ ցուցակը», որոմ կընդգրկվեն ընդհանուր առմամբ 33 մարդ, հրապարակվելու է մարտի 21-ին, ԵՄ-ի գագաթաժողովի աշխատանքի առաջին օրվա ավարտին ասել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: Ըստ նրա` ցուցակը հիմնականում համընկնում է ամերիկյան ցուցակին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Բացի դրանից` Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտնել է, որ Եվրահանձնաժողովը պատրաստելու է «երրորդ աստիճանի» պատժամիջոցները` առեւտրային եւ տնտեսական սահմանափակումներ Ռուսաստանի նկատմամբ: Դրանք կընդունվեն, եթե կոնֆլիկտը դուրս գա Ղրիմի սահմաններից: