Ուկրաինայում ցմահ ազատազրկման դատապարտված ՀՀ քաղաքացի Մերաբ Ալոյանի ընտանիքը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշում է, որ նրա նկատմամբ հերթական ապօրինությունն է կատարվել:

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«Մարտի 20-ին նրան  երկու ամսով  տեղափոխել են մեկուսարան ՝ որպես պատճառ նշվում է այն, որ նա անցյալ աշուն այդ ժամկետը չի լրացրել եւ հիմա պետք է այդ երկու ամիսը լրացնի: Անցյալ տարի «տուժող» կողմը  Մերաբի ծննդյան 50 ամյակի կապակցությամբ «նվեր» էր մատուցել նրան՝ կաշառքի միջոցով ապահովելով նրան  երկու շաբաթ մեկուսարանում, որից մեկ շաբաթ անց Մերաբին նորից  տեղափոխեցին մեկուսարան, բայց արդեն  3 ամսով:

Մերաբը կարցեր տեղափոխելուց անմիջապես հետո հացադուլ հայտարարեց, եւ բանտի ղեկավարությունը գնաց զիջումների՝ հացադուլը դադարեցնելու համար 3 ամիսը փոխարինեցին մեկ ամսով: Անհասկանալի պատճառներով 5 ամիս անց բանտի ղեկավարությունը որոշեց, որ Մերաբը պետք է հիմա  լրացնի այդ երկու ամիսը, որն արդեն կրճատվել էր նախկինում: Ամենաանմարդկայինն այն է, որ այդ որոշումը կայացվեց այն ժամանակ, երբ Մերաբի մայրը շատ ծանր,  մահամերձ վիճակում է, եւ Ուկրաինայի բանտի ղեկավարությունը շատ լավ գիտի այդ մասին: Այժմ՝ գտնվելով աշխարհից բացարձակ կտրված վիճակում, Մերաբն անգամ չի կարող իմանալ իր մոր մահվան  լուրը: Սա հերթական ճնշումն է Մերաբի վրա, որը նպատակ է հետապնդում նրան բարոյապես ոչնչացնել, վերջնականապես ստիպել, որպեսզի նա խոստովանի մի բան, ինչ չի արել: Մերաբը հերթական անգամ հացադուլ է հայտարարել:

Մերաբը դեռ պայքարում է եւ  չի կորցնում իր հույսը՝ չնայած որ բազմաթիվ անգամներ կոպտորեն ոտնահարվել են նրա իրավունքները՝ թե որպես մարդ, թե որպես ՀՀ քաղաքացի:  Մերաբի առողջական վիճակը բավականին ծանր է, եւ հնարավոր է, որ նա ֆիզիկապես չդիմանա այս փորձությանը, ուստի պետք է ՀՀ քաղաքացիների օգնությունը՝ որպես ՀՀ քաղաքացու, մարդու, ով ժամանակին բավականին շատ բարեգործական ծրագրեր է իրագործել Հայաստանի եւ ՀՀ քաղաքացիների համար»:

Հիշեցնենք, որ 2013թ. նոյեմբերին Մերաբ Ալոյանը Ուկրաինայում դատապարտվել էր ցմահ ազատազրկման երկու այլ անձանց հետ գործարար Շաբաբ Ալոյանի սպանությունը պլանավորելու եւ իրականացնելու համար: Փաստաբանները վճիռը բողոքարկել էին Ուկրաինայի Վերաքննիչ եւ Վճռաբեկ դատարաններ, սակայն վճիռն անփոփոխ էր մնացել: Մերաբ Ալոյանի փաստաբաններն ու պաշտպանող կազմակերպությունները պնդում են, որ Մերաբ Ալոյանի կյանքին կալանավայրում վտանգ է սպառնում, իսկ նրա ընտանիքը Հայաստանում մեկուսացած է ապրում: