Հայաստանի հատուկ քննչական ծառայության վարույթում ավարտվել է ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Արմավիրի բաժանմունքի պետ Սահակ Հարությունյանի եւ առաջատար մասնագետ Ալեքսանդր Խաչատրյանի կողմից դատապարտյալից կաշառք պահանջելու եւ ստանալու դեպքի առթիվ` ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը:
ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախաքննությամբ հիմնավորվել է, որ Սահակ Հարությունյանը եւ Ալեքսանդր Խաչատրյանը, նախնական համաձայնությամբ, դատապարտյալ Բ. Բ.-ից 400.000 ՀՀ դրամ կաշառք են պահանջել եւ ստացել` նրա նկատմամբ համաներում կիրառելու եւ տուգանքի ձեւով նշանակված պատժի կրումից ազատելու համար:
Սահակ Հարությունյանին եւ Ալեքսանդր Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 311-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերի հատկանիշներով:
Հիշեցնենք, որ մինչդատական վարույթում կաշառք պահանջելու եւ ստանալու մեջ մեղադրվող Սահակ Հարությունյանի եւ Ալեքսանդր Խաչատրյանի նկատմամբ խափանման միջոց էր կիրառվել կալանավորումը:
Նախաքննությունն ավարտած քննիչը քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար:



























