Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանին զարմացնում է, որ հայ հայտնի քաղաքական գործիչները նշում են, թե Ղրիմի եւ Ղարաբաղի միջեւ նմանություն չկա:

«Ղրիմը ե՞րբ է եղել Ուկրաինային: Ինչպես հիսուն տարի ռուսները Ղրիմը նվիրեցին Ուկրաինային, այնպես էլ Ղարաբաղը նվիրել էր Ադրբեջանին: Հիմա մենք քսանհինգ տարի առաջ վերադարձրինք Ղարաբաղը, իսկ ռուսները դա արեցին հիսուն տարի հետո: Ինձ համար անհասկանալի է, որ ասում են` նմանություն չկա: Նույն պրոցեսն է»,- այս մասին այսօր` մարտի 21-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղտեխնոլոգը:

Անդրադառնալով Հայաստանի դիվանագիտությանը` Կարեն Քոչարյանն այն նմանեցրեց կրկեսային թռիչքի հետ:

«Մենք թռնում ենք Ռուսաստանից Եվրոպա, Եվրոպայից Ռուսաստան, ցիրկում նման թռիչք կա, անունը չեմ հիշում, բայց ասեմ, որ այս թռիչքներն արվում են շատ կոպիտ ձեւով»,- նշեց նա:

Լրագրողների հարցին` հնարավոր է Ղարաբաղը մտնի Ռուսաստանի կազմի մեջ, Կարեն Քոչարյանը բարկացավ. «Շատ մարդ կարա կանգնի հրապարակում ու նման լիքը բաներ ասի, բայց ես դեռ պաշտոնական ոչինչ այս մասին չեմ լսել»:

Նշենք, որ մարտի 19-ին, կայացել է Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը: Զրուցակիցներն անդրադարձել էին Ղրիմում հանրաքվեի անցկացումից հետո ստեղծված իրավիճակին եւ արձանագրել, որ այն հանդիսանում է ազատ կամարտահայտման միջոցով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման հերթական օրինակը: Միաժամանակ ընդգծվել էր միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին, առաջին հերթին՝ ՄԱԿ-ի կանոնադրությանը, նվիրվածության կարեւորությունը:

Հիշեցնենք, որ մարտի 16-ին Ղրիմում անցկացվել է հանրաքվե, որի արդյունքում ընտրողների 96 տոկոսը կողմ է արտահայտվել ՌԴ-ին Ղրիմի միացմանը: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խորհրդարանում առաջ է քաշել սահմանադրական օրենքներ Ղրիմն ու Սեւաստոպոլը Ռուսաստանի կազմում ընդգրկելու վերաբերյալ: Ավելի ուշ Ռուսաստանն ու Ղրիմը համապատասխան պայմանագիր էին կնքել: Ուկրաինան, ԱՄՆ-ն ու ԵՄ-ն չեն ճանաչում Ղրիմի հանրաքվեն եւ տարածքների միացումը:

Լուսանկարը՝  ԱրսենՍարգսյանի/NEWS.am