Հենց Գագիկ Ծառուկյանը հայտարարի, որ զբաղվում է միայն բիզնեսով, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կդառնա ՃԿԿ (անիմաստ հապավում է-խմբ): Այս մասին այսօր` մարտի 21-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը` պատասխանելով այն հարցին, թե ինչպիսի քաղաքական ուժ է «ԲՀԿ»-ն:
«ԲՀԿ»-ն ինձ համար երբեք կուսակցություն չի եղել: Հենց Ծառուկյանն ասի, որ զբաղվում է միայն բիզնեսով, էդ կուսակցությունը կդառնա ՃԿԿ կամ չգիտեմ, թե ինչ: Նույնն էլ կարող եմ ասել ՀՀԿ-ի մասին: Տարբերություն չկա»,- ասաց նա:
Կարեն Քոչարյանի համոզմամբ` Հայաստանում գործում է միայն մեկ կուսակցություն` ՀՅԴ-ն:
«Միակ լուրջ կուսակցությունը ՀՅԴ-ն է, որը աշխատում է բոլոր էքստրեմալ եւ ոչ էքստրեմալ պայմաններում: Միակ կառույցն է, որ կարելի է անվանել կուսակցություն: Մյուսներն ապացուցել են, որ հենց ընդդիմություն են դառնում, առնետավազք է սկսվում եւ մնում են մի բուռ մարդ, հենց դառնում են իշխանական, հավաքվում են»,- նշեց քաղտեխնոլոգը` ընդգծելով, որ խոսքը հավասարապես վերաբերվում է «Ժառանգությանն» ու ՀԱԿ-ին:
Լրագրողների հարցին` ինչքանով է «հրաշալի քառյակի» համագործակցությունը հնարավոր, իսկ կառավարությանն անվստահություն հայտնելու համատեղ պահանջն իրական` Կարեն Քոչարյանը թերահավատորեն պատասխանեց. «Չեմ հասկանում, թե ինչպես են իշխանափոխություն անելու իրենց ասած առանց ցնցումների, որովհետեւ ՀՀԿ-ն չի պատրաստվում փոխզիջման գնալ: Եթե դուրս գան, դա լրիվ ուրիշ բան կլինի: Իսկ մինչեւ ապրիլի 28-ը ժամանակ կա, կապրենք կտեսնենք` ինչ կանեն»:
Հիշեցնենք, որ մարտի 19-ին Ազգային ժողովում ոչ իշխանական չորս ուժերը` ԲՀԿ-ն, «Ժառանգություն»-ն, ՀՅԴ-ն եւ ՀԱԿ-ը հրավիրել էին փակ նիստ, որից հետո ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը լրագրողներին ասաց, որ ապրիլի 28-ին կառավարությանն անվստահություն են հայտնելու:




























