Խորհրդարանական չորս ուժերը շարունակում են կառուցողական համագործակցությունը, նրանց կողմից առաջ քաշվող օրինագծերը քննարկվում են որոշակի զսպվածության ու արդյունավետության մթնոլորտում: Այս մասին այսօր՝ մարտի 21-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով չորս խորհրդարանական ուժերի համագործակցությունը:
Հովհաննիսյանի խոսքով՝ ներկայումս չորս ուժերը համագործակցում են այդ ձեւաչափում. «Մինչեւ հիմա առաջնորդների հանդիպում տեղի չի ունեցել: Այդ հանդիպումը հարկավոր է, որպեսզի հաղթահարվեն որոշ տարաձայնություններ եւ, վերջապես, ասվի, որ համագործակցության ձեւաչափը դուրս է եկել խորհրդարանի սահմաններից»:
Նա նաեւ կարծիք է հայտնել, որ այն քաղաքական ուժերը, որոնք 2013-ի նախագահական ընտրությունների արդյունքները կեղծ են համարում, պետք է խոստովանեն երկրում իշխանափոխության անխուսափելիությունը: «Սակայն այս պահին այդ առումով պայմանավորվածության առայժմ չենք հասել: «Ժառանգությունը» կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությանը դեմ չէ, սակայն մենք իշխանափոխություն ենք պահանջում՝ սկսած Սերժ Սարգսյանից: Հարկավոր է ոչ միայն չորս խորհրդարանական ուժերի, այլեւ ոչ խորհրդարանական ընդդիմադիր ուժերի կոնսոլիդացիա»,-պարզաբանել է նա:




























