Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի կողմից ներկայացված առաջարկություններն ընդունելու արդյունքում ձեռնարկատիրության ոլորտում բիզնես գործընթացների ծախսերը կնվազեն 61.8 տոկոսով՝ 1.2մլրդ դրամով: Այս մասին այսօր՝ մարտի 21-ին ՀՀ տնտեսական որոլտի իրավական ակտերի բարեփոխումների խորհրդի հերթական նիստի ժամանակ զեկուցվել է վարչապետ Տիգրան Սարգսյանին:
«Խորհրդի անդամներից բացի նիստին մասնակցել են նաեւ Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի գործունեությանն աջակցող կառույցներից ԵԱՀԿ-ի, Համաշխարհային բանկի, ինչպես նաեւ Հայաստանում ԵՄ ներկայացուցչության անդամները:
Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Եղիազարյանը ներկայացրել է սոցիալական հարցերի ոլորտում առաջարկվող բարեփոխումները: Առաջարկվել է հանել մասնագիտական ստաժի հաշվառման պարտադիր լինելը, քանի որ այն առաջացնում է քաղաքացիների՝ իրենց իրավունքներից օգտվելու անհավասար պայմաններ: Արդյունքում՝ բոլոր քաղաքացիներն անկախ իրենց ստաժը հաշվառած լինելու հանգամանքից՝ կարող են օգտվել նշված արտոնությունից:
Առաջարկվել է նաեւ աշխատանքային ստաժը հաստատող վճարման կամ այլ փաստաթղթերի բացակայության դեպքում պահանջվող տեղեկատվության ստացման պարտականությունը դնել լիազոր մարմնի վրա: Սահմանվել են կենսաթոշակ նշանակելու, կենսաթոշակի իրավունքը, վճարումը վերակագնելու եւ կենսաթոշակի տեսակը փոխելու համար դիմումի ձեւերը, ինչպես նաեւ կրճատվել մի շարք բիզնես գործընթացների քայլեր եւ ժամկետներ:
Առաջարկվել է երեխաների հերթական թիվը որոշել ըստ երեխայի մոր ծննդաբերած երեխաների թվի՝ ընտանեկան զույգի խնամքի տակ գտնվող երեխաների թվի փոխարեն: Ներկայացված առաջարկներն ընդունվել են խորհրդի կողմից եւ համաձայն ընթացակարգի կներկայացվեն ՀՀ կառավարություն եւ Ազգային ժողով»,- հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:




























