«Ժառանգություն» կուսակցությունը մարտի 28-ին Ազատության հրապարակում հանրահավաք կանցկացնի, որին հրավիրել է բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերին, որոնց անհանգստացնում է երկրի ապագան: Այս մասին, այսօր՝ մարտի 21-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆիի Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ հանրահավաքը հրավիրում են՝ հույս ունենալով, որ կհավաքվեն քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, նաեւ ոչ միայն խորհրդարանական ընդդիմադիր ու ոչ իշխանական ուժերը, այլեւ բոլոր նրանք, ում մտահոգում է երկրի ապագան:
«Հույս ունեմ, որ կգան ոչ միայն այն մարդիկ, որոնք բավարարվում են «Կեցցե Մայդանը» գոչելով, այլեւ նրանք, որոնք պատրաստ են համախմբված պայքարի ելնել, որն ունակ կլինի իշխանափոխություն իրականացնել»,-ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նա կարծիք է հայտնել, որ մեկ կամ երկու պաշտոնյայի փոփոխությունը երկրում փոփոխությունների չի բերի, քանի որ անհրաժեշտ են բացառապես համակարգային փոփոխություններ:
Հարցին, թե հնարավո՞ր է, որ ինքը հին ավանդույթի համաձայն այս ընթացքում հացադուլ հայտարարի, «Ժառանգության» առաջնորդը պատասխանել է. «Շատերն են ինձ ասում, որ եկել է Պահքի եւ հացադուլի ժամանակը, բայց կինս՝ Արմենուհին, չի թողնում»:




























