«Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության կազմակերպած մարտի 22-ի հավաքին ելույթ են ունենալու նաեւ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ու Նախախորհրդարանի անդամ Ժիրայր Սեֆիլյանը: Այս մասին այսօր՝ մարտի 21-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Դեմ եմ» նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանը:

«Ելույթ են ունենալու խորհրդարանական չորս ոչ կոալիցիոն ուժերի մեկական ներկայացուցիչ, որից հետո մեր նախաձեռնության անդամները, ինչպես նաեւ Նիկոլ Փաշինյանը, Ժիրայր Սեֆիլյանը եւ Աշոտ Ադամյանը»,- ասաց նա:

Լրագրողների հարցին՝ ինչու են հրավիրել հենց այս երեք գործիչներին Դավիթ Մանուկյանն ընդգծեց. «Սեֆիլյանն անձնավորում է պայքար, իսկ Նիկոլ Փաշինյանը շատ լավ հռետոր է, համոզված ենք, որ օրենքի մասին գիտական հիմնավորումներ կներկայացնի»:

Նշենք, որ մինչեւ այդ «Դեմ եմ» նախաձեռնությունը հերքում էր մամուլում տեղ գտած լուրերը, թե իրենք Փաշինյանին եւ Սեֆիլյանին հրավիրել են:

Հիշեցնենք, որ մարտի 19-ին NEWS.am-ի հետ զրույցում Նախախորհրդարանի անդամ Վարդան Հակոբյանն ասել էր, որ կուտակայինի դեմ մարտի 22-ին կայանալիք հավաք-երթի ժամանակ Նիկոլ Փաշինյանի եւ Ժիրայր Սեֆիլյանի ելույթին դեմ են արտահայտվել խորհրդարանական «Ժառանգություն» եւ «ՀՅԴ» խմբակցությունները: «Դեմ եմ» նախաձեռնության անդամներից մեկը մեզ հետ զրույցում նշել էր, որ իրենք իսկապես հրավիրել են նրանց, իսկ չորս ոչ իշխանական ուժերը խնդրել են ժամանակ մտածելու եւ պատասխանելու՝ իրենք համաձայն են, թե ոչ: