Հայաստանի ՄՄ-ին անդամակցելը կհանգեցնի ոչ մի այն տնտեսական անկման, այլեւ երկրի քաղաքական կործանման: Այս մասին, այսօր՝ մարտի 21-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Ըստ նրա ՝ Հայաստանի ու Ռուսաստանի նախագահների վերջին հեռախոսազրույցը հստակորեն ցույց տվեց, թե ով ով է. «Հեռախոսազրույցը ցույց տվեց Հայաստանի ու Ռուսաստանի վասալական հարաբերությունները, ցույց տվեց, թե Ռուսաստանը Հայաստանին ինչպես է վերաբերում ու ինչպես են մեր իշխանություններն իրենց զգում: Հեռախոսազրույցը ժամանակավրեպ էր»:
Նա նաեւ ընդգծել է, որ Հայաստանի իշխանությունների համար ավելի լավ է ճանաչել ԼՂՀ-ն, այլ ոչ թե հիանալ անկախության հերթական հռչակմամբ: «Իսկ իմ ընկեր ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը թող շատ չնեղանա, որ այս ոչ լեգիտիմ իշխանություններն ընտրել են ՄՄ-ն, այլ ոչ թե Արեւմուտք: Ժամանակին հենց Հեֆերնն ու նրա արեւմտյան գործընկերներն էին հայտարարել նախագահական ընտրությունների լեգիտիմության մասին»:



























