Ռուսաստանը մեծ սխալ է գործում ԱՄՆ-ի օրինակին հետեւելով եւ Ուկրաինայի հարցում փորձելով կիրառել միջազգային եզրույթներ, ինչպես օրինակ հումանիտար ինտերվենցիան: Այս մասին մարտի 21-ին «ՆԱՏՕ եւ Հարավային Կովկաս. Ռազմավարական մոտեցում տարածաշրջանային անվտանգությանը» միջազգային կոնֆերանսի ժամանակ հայտարարել է ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը:
Նրա համոզմամբ՝ համաշխարհային բավական բարդ իրավիճակ է ստեղծվում, ԽՍՀՄ փլուզումը առայսօր շարունակվում է, եւ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը առավել ցայտուն ընդգծում է դա: «Ռուսաստանը չպետք է ամերիկացիների համաբանությամբ իր շահերը ձեւակերպի, չպետք է վկայակոչի միջազգային իրավունքի նորմերը, պետք է ասվի, որ դրանք չկան եւ պահանջում է նոր սահմանումներ՝ ուշադրությունը կենտրոնացնելով առաջին հերթին շահերի, այլ ոչ թե ինչ-որ վերացական արժեքների վրա, ինչպիսին օրինակ ազգային ինքնորոշումն է», - նշել է Մարկեդոնովը: Նա ընդգծել է, որ ազգային ինքնորոշման կարգախոսը կարելի է տարբեր կերպ կիրառել, այդ թվում եւ՝ Ռուսաստանի դեմ: Այդ պատճառով, ըստ քաղաքագետի, հարկավոր է զգուշավորություն ցուցաբերել: «Պետք է նշել շահերը՝ Ուկրաինայի արտադաշինքային կարգավիճակը, Սեւաստոպոլում Սեւծովյան կայանը. Դա է պետք անել», - ամփոփել է Մարկեդոնովը:



























