Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ կնքված խարկովյան համաձայնագրերը չեղարկման ենթակա են, ՌԴ ԱԽ նիստում նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը:

Ըստ նրա՝ Ռուսաստանը 11 մլրդ դոլարի կորցրած շահույթ է ունենում, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

«Կարծում եմ՝ միանգամայն իրավաչափ է այդ միջոցները Ուկրաինայի պետբյուջեից ստանալու հարց բարձրացնելը, ինչը կարելի է անել դատական կարգով՝ հենվելով չեղարկվող համաձայնագրի նորմերի վրա», - ենթադրել է Մեդվեդեւն ու հավելել, որ «սրանք իհարկե կոշտ միջոցներ են, բայց մյուս կողմից չկա փաստաթուղթը, բայց կա մեր կողմից արված վճարումը: Եվ մեր ուկրաինացի գործընկերները պետք է հասկանան, որ հենց այնպես ոչ մի բանի համար չեն վճարում»,- նշել է ՌԴ վարչապետը:

Նշենք, նավատորմի մասին համաձայնագրերը ստորագրվել էին ՌԴ եւ Ուկրաինայի նախագահներ Դմիտրի Մեդվեդեւի եւ Վիկտոր Յանուկովիչի միջեւ՝ 2010թ. ապրիլի 21-ին Խարկովում: Փաստաթղթի համաձայն՝ 2017թ. մայիսի 28-ից Ուկրաինայում ՌԴ Սեւծովյան նավատորմի տեղակայման ժամկետը երկարացվելու էր  25 տարով:

Ժամկետը լրանալուց հետո պայմանագիրն ավտոմատ երկարացվելու էր հաջորդ հնգամյա ժամկետներով:

Պայմանագիրը նաեւ վարձակալական վճարի ավելացում էր նախատեսում, որը 2017թ. մայիսի 28-ից տարեկան պետք է կազմեր 100 մլն դոլար եւ հավելյալ միջոցներ՝ ստացված գազի սակագնի իջեցումից: Բացի այդ, գազի զեղչերը կարող են վերանայվել:

Նշենք, դեռեւս փետրվարին ուկրաինական կողմը  խարկովյան համաձայնագրերը չեղարկելու հնարավորությունն օգտագործում էր որպես ՌԴ-ի վրա ազդելու լծակ: