Դատավորների եւ դատախազների հետ փաստաբանների ուսուցումը չի կարող բացառվել, սակայն կոնկրետ փաստաբանների մասով չեն կարող գործել Արդարադատության ակադեմիայում սահմանված կանոնները մի պարզ պատճառով, որ կխաթարվի փաստաբանության անկախությունը եւ կլեգալացվի պետական մարմինների միջամտությունը նրանց բուն կադրային քաղաքականությանը:
Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արդարադատության նախկին նախարար, Հայաստանի ՍԴ խորհրդական, «Սահմանադրական իրավունքի կենտրոնի» խորհրդի նախագահ Գեւորգ Դանիելյանը՝
Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը հայտարարել է, թե հնարավոր է մի օր փաստաբանների ուսուցումը եւ վերապատրաստումը վերապահեն Արդարադատության ակադեմիային: Որպես Արդարադատության ակադեմիայի գաղափարի ու ինստիտուտի նախաձեռնող՝ հնարավո՞ր համարո՞ւմ եք փաստաբանների ուսուցումը դատախազների եւ դատավորների հետ նույն կառույցում:
Արդարադատության ակադեմիայի, ըստ էության, դատավորների եւ դատախազների համար միասնական ուսումնական հիմնարկ ձեւավորելու անհրաժեշտության առնչությամբ իմ պաշտոնական դիրքորոշումը հայտնել եմ դեռեւս Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալի կարգավիճակով: Հետագայում, արդեն նախարարի կարգավիճակն ինձ թույլ տվեց իրավաստեղծ ոլորտում լինել ոչ միայն նախաձեռնող, ինչն էլ կանխորոշեց այդ ինստիտուտի կայացումը: Գաղափարը միանշանակ ընդունելի համարվեց նաեւ Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից՝ հատկապես, պրոֆեսորադասախոսական ու ֆինանսատնտեսական ռեսուրսների ծախսերի արդյունավետությունը բարձրացնելու եւ կրթական հիմնարկի անկախությունը երաշխավորելու կտրվածքով: Շենքը կառուցվեց 2010թ. եւ նույն թվականին էլ ԱԺ ներկայացվեց Արդարադատության ակադեմիայի մասին օրինագիծը: Ուրախ եմ, որ այն այլեւս իրողություն է ու դադարել են դրա անհրաժեշտությունը կասկածի տակ դնող դատողությունները:
Ինչ վերաբերում է փաստաբանների ուսուցմանը, ապա խնդիրը բազմասպեկտ է. եթե խոսքը վերաբերում է պայմանագրային հիմունքներով փաստաբանների համար հատուկ դասընթացների, գիտագործնական պարապմունքների ու նմանաբնույթ այլ կրթական ծրագրերի իրականացմանը՝ պայմանով, որ փաստաբանները կամ թեկնածուներն իրենց կարգավիճակով չնույնացվեն հիշյալ ակադեմիայի մյուս սաների հետ, մասնավորապես նրանց վրա չտարածվեն ներքին կարգապահության, քննությունների, ստուգարքների անցկացման եւ նմանաբնույթ այլ կանոնները, ապա որեւէ խոչընդոտ չի կարող հարուցվել: Ի դեպ, նույն հաջողությամբ այդպիսի ուսումնական ծրագրեր կարող են իրականացվել նաեւ փաստաբանության դպրոցում՝ դատավորների եւ դատախազների մասնակցությամբ:
Համատեղ ուսուցման գաղափարն ունի նաեւ մեկ այլ, ոչ պակաս կարեւոր հոգեբանական ասպեկտ՝ այն հնարավորինս մեղմում է ապագա դատավորների եւ դատախազների միջեւ անհարկի հակադրությունները, նպաստում է պրոֆեսիոնալ խրախուսելի շփումներին եւ այլն: Ինչպես անընդունելի է համարվում անչափ մերձեցումը, այնպես էլ ծայրահեղություն է համարվում անհարկի մեկուսացվածությունը: Որոշ երկրներում (օրինակ՝ Հոլանդիայում) նշված բարդույթները հաղթահարելու նկատառումով այդ պաշտոնյաների շրջանակում անգամ ռոտացիայի ինստիտուտին են դիմում:
Ինչո՞ւ փաստաբանների ուսուցումը չի կարող կատարվել դատախազների եւ դատավորների հետ նույն կառույցում:
Ինչպես արդեն ասացի, դատավորների եւ դատախազների հետ փաստաբանների ուսուցումը չի կարող բացառվել, սակայն կոնկրետ փաստաբանների մասով չեն կարող գործել այդ ուսումնական հաստատությունում սահմանված կանոնները մի պարզ պատճառով, որ կխաթարվի փաստաբանության անկախությունը եւ կլեգալացվի պետական մարմինների միջամտությունը նրանց բուն կադրային քաղաքականությանը: Եթե հիշում եք, ժամանակին փաստաբաններին արտոնագրեր տրվում էին պետական պաշտոնյայի կողմից, ինչը չդիմացավ ամենաթույլ քննադատության անգամ եւ վաղուց անցած փուլ է: Չեմ կարծում, թե մենք իրավական զարգացումների անիվը ետ պտտելու խնդիր ունենք:
Հենց այս նուրբ գերխնդիրն էինք փորձում հնարավորինս համարժեք հաշվի առնել, որպեսզի համատեղ ուսուցման ինստիտուտն ինքնին չվերածվի դատախազության կամ գործադիր իշխանության մարմինների կողմից անթույլատրելի միջամտության օրինականացմանը: Հենց այս նկատառումով էլ իրավակարգավորումների այնպիսի համակարգ էր մշակվել, որպեսզի այդ բնույթի ազդեցությունները բացառվեին: Կարծում եմ, հետագա մշակումների փուլում այս խնդիրը եւս ընդունելի լուծում է ստացել:
Մի կարեւոր խնդիր եւս. փաստաբանների ուսուցման համար ընդհանուր կանոնների մեջ չտեղավորվող լուծումները կարող են քիչ, թե շատ ընդունելի համարվել, այն էլ՝ ժամանակավոր, միայն այն դեպքում, երբ փաստաբանները զրկված են իրենց ուսումնական հաստատությունն ունենալու հնարավորությունից, երբ դեռ փաստաբանները չունեն բավարար հնարավորություններ: Մինչդեռ, այս փուլում, երբ փաստացի ձեւավորվել եւ գործում է ինքնուրույն ուսումնական հաստատություն, այդ մասին դատողություններն առնվազն ժամանակավրեպ են:
Ինչո՞վ եք բացատրում, որ միասնական ուսուցումը կազմակերպելու խնդրի շուրջ ժամանակին մեծ դիմադրություն կար դատական համակարգի եւ դատախազության ներկայացուցիչների կողմից, իսկ այժմ արդեն ցանկանում են միացնել նաեւ փաստաբաններին, նոտարներին:
Հետաքրքիր հարց է, որին պատասխանելիս ակամա մտաբերում եմ այն իրողությունը, որ հաճախ ենք տրվում ծայրահեղությունների: Այս ինստիտուտի առնչությամբ զարգացումները եւս բացառություն չեն: Իրոք, սկզբնական շրջանում նկատվում էր անթաքույց դիմադրություն, ինչը հաղթահարելու համար մեծ աշխատանք, համբերություն ու ժամանակ պահանջվեց: Բերվում էին, մեղմ ասած, անհիմն տարաբնույթ փաստարկներ, ընդհուպ՝ կանխատեսումներ էին արվում այն մասին, որ իբր ծախսերը կկրկնապատկվեն եւ այլն: Հիմնական պաշտոնապես հնչող մտահոգությունն այն էր, որ միասնական ուսումնական հիմնարկի կազմավորման ու գործունեության կտրվածքով ոչ իրավաչափ ազդեցության լծակներ կանցնեն արդարադատության նախարարին, սակայն բուն օրինագծում բացարձակապես այդպիսի մտահոգության առիթ տվող դրույթներ չկային: Կարծում եմ, անհանգստության բուն պատճառը, թերեւս, թելադրված էր իրենց համակարգում գործող կառույցի նկատմամբ որոշակի լիազորություններ պահպանելու, իսկ հնարավորության դեպքում արդյունքների վրա ազդելու շահերով:
Ինգա Մարտինյան




























