Սամվելը սուտ սեր է խաղացել, ամուսնացել ու կնոջ հայրական տունը գրավի տակ դնելով՝ խաբեությամբ 24 հազար դոլար գումար վերցրել: Այս մասին NEWS.am-ին պատմեց Սամվել Արմենակյանի քաղաքացիական կինը՝ 47-ամյա Հասմիկ Ափյանը, որն այժմ ընտանիքի հետ կանգնած է անօթեւան մնալու վտանգի առաջ:
«2011թ. մենք ամուսնացանք, մոտ մեկ ամիս անց համոզեց, որպեսզի գրավի տակ դնեմ իմ՝ կենտրոնում գտնվող բնակարանը, որտեղ ապրում էինք, եւ մոտ 24 հազար դոլար վարկ վերցրեցինք: Ասում էր, որ այդ գումարը իրեն հարկավոր է գործի մեջ դնելու համար, ինքը մեքենաների առքուվաճառքով էր զբաղվում: Նա վստահեցնում էր, որ ամբողջը իր պատասխանատվության վրա է, որ ինքը կվճարի: Ես այդ գումարը չեմ համարել իմը եւ ոչ մի կոպեկ չեմ օգտագործել սեփական կարիքի համար»,- պատմեց Հասմիկ Ափյանը:
Խաբված կնոջ խոսքով, ամուսինը՝ Սամվել Արմենակյանը, 4 ամիս վճարել է գրավադրված բնակարանի համար, հետո հրաժարվել վճարել. «Երբ իրեն ասում էի, չէ՞ որ դու խոստացել ես, ասում էր՝ ոչ մի խնդիր չկա, բանկում մարդիկ կան, որոնց հետ խոսել եմ, քո անվան հետ ոչ մի պատասխանատվություն չի լինի, ես այդ գումարները կփակեմ: Հետո սկսեց տարօրինակ ագրեսիվ իրեն պահել, հասկացա, որ երեւի գումարի հետ կապված խնդիրներ ունի եւ չի կարողանում մուծել: Սկսեցին մահվան սպառնալիքները անընդմեջ: Ասում էր՝ կսպանեմ քեզ, ընտանիքիդ անդամներին, ահաբեկում էր, էլէկտրաշոկ էր պահում եւ իմ, եւ կույր հորս վրա: Ասում էր՝ ոչ մի ձայն չհանեք, ոչ մեկի չպատմեք: Մեզ սարսափի մեջ էր պահում, որպեսզի ինչ ցանկանա, անենք»։
Տան լարված վիճակին չդիմանալով՝ տիկին Հասմիկը բաժանվում է։
«Ասում էր՝ արի միանանք, թե չէ չեմ վճարի էդ գումարը, կթողնեմ քո վրա: Ես ասեցի՝ ոչ մի գումար, ոչ մի տուն ինձ չի վախեցնի, եւ դուրս կգամ քո դեմ պայքարի, օրենքով պատասխանատվության կենթարկեմ: Ես չմիացա, անընդհատ զանգահարում էր ու խաբում, թե կվճարի, բայց անարդյունք: Հետո նորից սկսեցին սպառնալիքները, ասում էր՝ կսպանի ինձ, եղբորս: Ես բողոք ներկայացրեցի նրա դեմ, ինքը այժմ հետախուզման մեջ է, նրան չեն գտնում, ես էլ վախի մեջ եմ ապրում»,- հուզմունքով պատմեց տիկին Հասմիկը:
Լարված սթրեսային վիճակից տիկին Հասմիկի առողջական վիճակը վատացել է եւ նրան վերջերս վիրահատել են. «Ամեն զանգից հետո ընկնում էի լեղապարկիս հետ կապված պրիստուպերի մեջ: Այնքան էի սրսկվել, բուժքույրները ասում էին՝ վտանգավոր է արդեն, դա մահվան կարող է հասցնել: Վերջերս էլ այնքան վատացա, որ վիրահատեցին»:
Հասմիկ Ափյանը խարդախության համար ամուսնու դեմ գործ հարուցելու դիմում է ներկայացրել ոստիկանություն, որը մերժվել է: Մարտի 20-ին Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը մերժեց վարույթ ընդունել ամուսնու դեմ խարդախության համար գործ հարուցելու Հասմիկի հայցը։
«Դատարանը մերժեց իմ հայցը: Սա բացահայտ անարդարացի որոշում էր: Սա էլ կապում եմ նրա հետ, որ նա շատ կապեր ունի, եւ որ նա անձեռնմխելի է, եւ ոչ մի դատախազ, ոչ մեկ իր դեմ չի կարող: Ինքը պաշտոնյաների հետ էր շփվում, ընտրություններին «Օրինաց Երկրի» գրասենյակում էր լինում»,- պատմեց Հասմիկ Ափյանը։




























