Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սառեցված երկու արձանագրություն կա եւ դրանց «վերակենդանացման» համար բացակայում է կողմերի քաղաքական կամքը: Այս մասին մարտի 21-ին «ՆԱՏՕ եւ Հարավային Կովկաս. Ռազմավարական մոտեցում տարածաշրջանային անվտանգությանը» միջազգային կոնֆերանսի ժամանակ հայտարարել է թուրք փորձագետ Միթաթ Չելիքփալան:

Ըստ նրա՝ Հարավային Կովկասը, իհարկե,  առաջնահերթություն է Թուրքիայի համար, եւ Անկարան փորձում է ավելի աշխույժ լինել այդ տարածաշրջանում: «Հարավային Կովկասում Անկարայի քաղաքականության նպատակն է ստեղծել մի տարածաշրջան, որտեղ Թուրքիան կլինի գլխավոր եւ ազդեցիկ խաղացողներից մեկը՝ Ռուսաստանից տարբերվելով կառուցողական եւ ոչ ագրեսիվ քաղաքականությամբ: Թուրքիան իրեն սահմանում է որպես տարածաշրջանում միակ արեւմտամետ աշխույժ գործոն՝ փորձելով նպաստել տարածաշրջանային բոլոր հիմնախնդիրների լուծմանը», - նշել է Չելիքփալան:

Նա ընդգծել է, որ Թուրքիան աշխատում է ԼՂ հիմնախնդրի լուծման կրեատիվ գաղափարների ուղղությամբ: «Ղարաբաղյան հարցով բանակցությունները Թուրքիայի արտաքին քաղաքականության գերակայությունն են: Ղարաբաղյան էֆեկտը դարձավ  Թուրքիայի արտաքին քաղաքականության նոր հարցը՝ հայ-թուրքական արձանագրությունների պատճառով», - նշել է փորձագետը: Ըստ նրա՝ Թուրքիան եւ Ռուսաստանը գործընկերներ են, սակայն Հարավային Կովկասում նրանց գերակայությունները տարբեր են: «Եվ Թուրքիան, եւ Ռուսաստանը փորձում են նյութականացնել իրենց ձեռքբերումները տարածաշրջանում եւ մրցակիցներ են: Դա Թուրքիային մոտեցրեց ԱՄՆ-ին եւ ԵՄ-ին», - նշել է Միթաթ Չելիքփալան: