22-ամյա Իշխան Ղալամյանը 2010թ զորացրվելուց 14 օր առաջ ծանր վիճակով տեղափոխվել է հիվանդանոց, եւ երեք տարի է՝ նա դիալեզ է ստանում: Զինծառայողը գտնվում է ծայրահեղ վիճակում եւ ունի օգնության կարիք: Նրա ընտանիքը դիմել է NEWS.am-ի խմբագրությանը՝ ներկայացնելով իրավիճակը եւ խնդրելով օգնել:
Այսպես, Իշխան Ղալամյանը ծնվել է 1991թ. հունիսի 15-ին՝ Սիսիան քաղաքում, որտեղից էլ, դպրոցն ավարտելուց հետո, զորակոչվել է բանակ: Զինծառայությունն անց է կացրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում՝ որպես սահմանապահ 2 տարի կանգնելով Ջաբրաիլի 1-ին գծում: 2010թ՝ նրա ծառայության ավարտին, մնացել էր ընդամենը 14-օր, սակայն ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են Ստեփանակերտի հոսպիտալ, իսկ հետո՝ Երեւանի կենտրոնական հոսպիտալ, որտեղ էլ ախտորոշվել է, որ Իշխան Ղալումյանը ձեռք է բերել երիկամների նեֆրիտ հիվանդություն: Իշխան Ղալամյանին ծայրահեղ ծանր եւ անգիտակից վիճակում շտապ օգնության բրիգադով հոսպիտալից տեղափոխել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Շտապ կարգով դիալեզ է իրականացվել, որից հետո նա գիտակցության է եկել: Այդ միջադեպից մինչ այժմ էլ Իշխան Ղալամյանը շարունակում է պարտադիր կերպով շաբաթական 3 անգամ հաճախել դիալեզի կուրսերի, սակայն դա միայն գոյատեւման հնարավորություններ է տալիս եւ չի բերում վերջնական ապաքինման: Սիսիան քաղաքում չկա դիալեզի սրահ, որի պատճառով էլ Իշխանը շաբաթական 3 անգամ, դիալեզի պարտադիր կուրսերն անցնել կարողանալու նպատակով, տեղափոխվել է Երեւան, որտեղ բնակվում է վարձով՝ ծայրահեղ ծանր պայմաններում: Իշխանն ունի ռազմաբժշկական ախտորոշում՝ 2-րդ կարգի զին. հաշմանդամ է, ստանում է հաշմանդամության թոշակ, որը, սակայն, չի բավարարում զինծառայության ընթացքում քայքայած առողջությունը վերականգնելու համար: Իշխանի լիովին ապաքինման միակ շանսը երիկամի փոխպատվաստումն է, որի համար, սակայն, նրա ընտանիքը բավարար գումար չունի: Նրա հայրը` Սաղաթել Ղալամյանը նշեց, որ պատրաստ է անգամ իր սեփական երիկամը տալ որդու ապաքինման համար, սակայն Հայաստանում փոխպատվաստման վիրահատությունն իրականացնելու դեպքում նույնպես հաջողության հասնելու շանսերը փոքր են. «Բժիշկները 50 տոկոսանոց հաջողություն են կանխատեսում: Այստեղ նմանատիպ փոխպատվաստումը 50 տոկոս հավանականությամբ «կաշխատի» կամ «չի աշխատի»: Հաջողության չհասնելու դեպքում կպարզվի, որ 8 շնչից բաղկացած մեր ընտանիքում արդեն 2 հոգի ենք հաշմանդամ եւ որդիս կրկին դիալեզի կարիքն ունի»,- ասում է նա: Լիարժեք արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է, որ վիրահատությունն անցկացվի արտերկրում՝ օտարերկրացի բարձրակարգ մասնագետների կողմից, որից բացի` արտերկրում իրականացվող դիալեզի միջոցով նույնպես կարելի է ապրել: «Այստեղ իրականացվող դիալեզը կարծես քիչ-քիչ քայքայում է մարդուն, մինչդեռ մի շարք զարգացած երկրներում դիալեզ ստացող հիվանդները կարողանում են նաեւ հնարավորինս ապրել լիարժեք կյանքով` աշխատել, ամուսնանալ եւ ընտանիք ստեղծել», - հայտնում է Իշխանի հայրը:
Նշենք, որ Ղալամյանների ընտանիքը բաղկացած է 8 անձից, որոնցից 2-ը Սաղաթել Ղալամյանի թոռնիկներն են` 1 եւ 2 տարեկան: Իշխան Ղալամյանը Սաղաթել Ղալամյանի կրտսեր որդին է: Մյուս երկու որդիները` 1986թ. ծնված Դավիթը եւ 1987թ. ծնված Էրիկը նույնպես առողջական խնդիրներ ունեն եւ ազատված են զինծառայությունից: Իշխան Ղալամյանի բուժումն արտերկրում կազմակերպելու եւ իրականացնելու նպատակով «Արդշինինվեստբանկ»-ում Իշխան Ղալամյանի անվամբ հաշվեհամար է բացվել: Ձեր հանգանակութունները կարող եք իրականցնել՝ գումար փոխանցելով «Արդշինինվեստբանկ»-ի՝ Իշխան Ղալամյանի անվան 2470017041020000 հաշվեհամարին:




























