Ադրբեջանն այսօր վառոդով լի տակառ է. հատկապես Ուկրաինայի շուրջ դեղի ունեցող իրադարձություններից հետո: Այս մասին, այսօր՝ մարտի 21-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշել է ԵՊՀ իրանագիտության ամբիոնի ղեկավար Գառնիկ Ասատրյանը:

«Անկասկած, ներկա Ադրբեջանի տարածքում կստեղծվեն ինչպես թալիշների, այնպես էլ թաթերի, լեզգիների եւ այլ բնիկ ժողովուրդների պետություններ: Դա կասկածի ենթակա չէ»,-ընդգծել է Ասատրյանն ու հավելել, որ թալիշներն այսօր Հարավային Կովկասում իրենց թվաքանակով 4-րդ ժողովուրդն են:

Իր հերթին «Թալիշստանի ռադիո» ռադիոկայանի տնօրեն Գառնիկ Գեւորգյանը նշել է, որ տասնամյակներ շարունակ Ադրբեջանի իշխանությունները փորձում են թալիշներին ներկայացնել որպես ադրբեջանցիներ: Նա ընդգծել է, որ թալիշները տարածաշրջանի բնիկ ժողովուրդ են:

«Ադրբեջանն ամեն կերպ փորձում է թաքցնել թալիշ ժողովրդի առկայությունը եւ պանթուրքիզմի քաղաքականության ժամանակ վերացնել նրանց ազգային ինքնությունը»,-ամփոփել է «Թալիշստանի ռադիոյի» տնօրենը:

Նշենք, որ թալիշները տարածաշրջանի բնիկ ժողովուրդներից են, որոնց բնակության արեալը ընկած է Ադրբեջանի հարավային շրջաններում եւ Իրանի հյուսիսային նահանգներում: Ադրբեջանում թալիշները սիստեմատիկաբար բռնաճնշումների են ենթարկվել ազգային հողի վրա:

Նրանց թիվն Ադրբեջանում, ըստ պաշտոնական տվյալների, հասնում է 112 հազարի, սակայն իրենք՝ թալիշները, համարում են, որ այդ տվյալները մի քանի անգամ նվազեցված են: Օբյեկտիվ հաշվարկներով՝ թալիշների թիվն Ադրբեջանում հասնում է 1,5 մլն-ի: