Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր սպանված փեսացուի՝ Կարեն Եսայանի ծնողները պատրաստվում են դիմել Եվրոպական դատարան։
NEWS.am-ի հետ զրույցում Կարեն մայրը՝ Անահիտ Իսկանդարյանն ասաց, որ թեեւ դժգոհ չէ դատաքննության արդյունքներից, այնուամենայիվ, կարծում է, որ դատարանը չի բացահայտել որդու սպանության դրդապատճառները:
Ըստ տիկին Իսկանդարյանի՝ սպանության համար 15 տարվա ազատազրկման դատապարտված Հարություն Սարգսյանը հանցակիցներ է ունեցել. «Ես արդարադատությունից գոհ եմ , որ այսպես արդար վճիռ կայացրեց, մենակ դժգոհ եմ , որ չգտան՝ իրա հետ ով է եղել, Հարութը մենակ չի եղել, ես գիտեմ, իրան տարել են, բերել են , առաջինը ես եմ Եվրոդատարան դիմելու, որ պարզեմ՝ ինչի համար են արել, ովքեր են եղել հետը»։
Նշենք, որ Հարություն Սարգսյանի հայրը՝ Անիի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանը, նույնպես պատրաստվում է դիմել Եվրոպական դատարան: Ըստ Սարգսյանների, իրենց որդին անմեղ է, իսկ վճիռն անարդար է կայացվել։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2013թ. ապրիլի 12-ին Գյումրիում սպանվել էր այն ժամանակ քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուն` 27-ամյա Կարեն Եսայանը: Առավոտյան տնից դուրս եկած եւ անհետացած Կարենին երեկոյան ոստիկանները գտել էին սպանված՝ «Մերսեդես» մակնիշի մեքենայի մեջ։ Մեկ օր անց
նա պետք է նշանվեր քաղաքապետի դստեր հետ:



























