Երեւանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության եւ վարչական շրջանների կանաչապատման ընկերությունների կողմից վարչական բոլոր շրջաններում շարունակվում են ծառերի եւ թփերի սանիտարական էտման աշխատանքները:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ էտման աշխատանքներ են իրականացվում ինչպես փողոցների հարակից մայթեզրյա հատվածներում, այնպես էլ զբոսայգիներում եւ բակային տարածքներում:
Կախված ծառի տեսակից, կատարվում է ագրոպահանջներին համապատասխան էտ՝ ապահովելով ծառերի բնականոն աճը: Էտի շրջանակում որոշ ծառեր նաեւ գեղարվեստական ձեւավորում են ստանում:
Էտին զուգահեռ կազմակերպվում է նաեւ ճյուղերի տեսակավորում եւ տեղափոխում: Մարտից մեկնարկած աշխատանքները կշարունակվեն մինչեւ ապրիլի 15-ը:




























