Մարտի 22-ին Մայդան չի լինելու։ Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ պայքարող «ԴԵՄ ԵՄ» նախաձեռնության անդամները մարտի 21-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեցին, որ իրենք ամեն ինչ անելու են, որ հավաք-երթն անցնի խաղաղ պայմաններում եւ օրենքի շրջանակում, ցույց են տալու հանրության մաքսիմալ միասնականություն եւ կոնսոլիդացիա՝ մեկ հարթակի վրա:
Նախաձեռնության անդամները վստահեցնում են, որ ԱԺ չորս ոչ կոալիցիոն խմբակցությունների հետ համագործակցելն ու Կառավարության հետ հնարավոր երկխոսությունը չեն կարող քաղաքականացել իրենց շարժումը, եւ իրենք ոչ մի դեպքում իշխանության ձեռքին գործիք չեն կարող դառնալ:
«Մենք արդեն իսկ սուբյեկտ ենք, օբյեկտ չենք կարող դառնալ ինչ-որ մեկի ձեռքին, որով կարող են խաղալ»,- ասաց նախաձեռնության անդամ Գեւորգ Գորգիսյանը:
Անդրադառնալով Կառավարության նիստին վարչապետ Տիգրան Սարգյանի երկխոսության կոչին` Գեւորգ Գիորգիսյանն ասաց, որ բանակցությունների քննարկման առարկա կարող է լինել միայն պարտադիր բաղադրիչի վերացումը։ Եթե իրենք կստանան ակնարկ կամ կոնկրետ հրավեր այդ հարցի շուրջ բանակցելու, ապա իրենք միշտ պատրաստ են. «Ցանկացած այլ երկրորդական, երրորդական կետ օրենքին վերաբերող քննարկման առարկա չէ»։
Այն հարցին, թե ինչ են անելու, եթե ՍԴ-ն մարտի 28-ին օրենքը սահմանադրությանը համապատասխանող ճանաչի, նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանն ասաց, որ դա կնշանակի, որ իրենք սպառել են ինստիտուցիոնալ ճանապարհով խնդրի լուծման ճանապարհները. «Անցնելու ենք փողոցային պայքարի: Ամոթալի ոչինչ չկա, երբ քաղաքացին իր իրավունքի համար փողոցում է պայքարում, չնայած որ, «ԴԵՄ ԵՄ»–ի համար միշտ կարեւորագույն սկզբունք է եղել օրենքի շրջանակում գործելը»։
«ԴԵՄ ԵՄ»-ի անդամների խոսքով՝ մարտի 22-ի հավաք-երթի մասին իրազեկվել են ոստիկանությունն ու քաղաքապետարանը, եւ իրենք ակնկալում են ոստիկանության ադեկվատ մոտեցումը։




























