Սիրիայում այսօր առավոտյան հայաբնակ Քեսաբը, որը Թուրքիայի հետ սահմանամերձ Լաթակայի վարչական տարածքում է, ինչպես նաեւ մերձակա գյուղերը Թուրքիայից ժամանած ահաբեկիչների կողմից գրոհի են ենթարկվել; Այս մասին հաղորդում է Լիբանանում հրապարակվող «Ազդակ» պարբերականը:

Հարձակումը սկսվել է առավոտյան ժամը 05:00-ին: Քեսաբի բնակիչները լեռն են բարձրացել, որպեսզի խուսափեն վտանգից: Նրանց մի մասը տարհանվել է Լաթակիա: Սիրիացի զինծառայողները ներկայումս պաշտպանում են բնակավայրը՝ փորձելով հետ մղել զինյալներին:

Նշենք, որ վերջին չորս օրերի ընթացքում ինտենսիվ հրթիռակոծության են ենթարկվում Հալեպի հայաբնակ թաղամասերը: Այս մասին հաղորդում է Հայ առաքելական եկեղեցու Հալեպի Բերիո թեմի առաջնորդարանի մամուլի ծառայությունը: Հրթիռակոծության արդյունքում երեխա է վիրավորվել՝ Խաչիկ Գաբրիելյանը: Մարտի 17-20-ը հրթիռակոծության են ենթարկվել հայկական Ազիզիե, Տելեֆոն Հավի, Սուլեյմանի, Նոր Գյուղ ու Տիլելի թաղամասերը: Հրաձգության են ենթարկվել նաեւ հայկական ազգային գիմնազիաները:

Ռմբակոծման արդյունքում վնաս է հասցվել բնակելի շենքերին ու մեքենաների, որոնք կայանված են եղել փողոցում: