Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ, Շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովը «սխալ» է համարել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի որոշումը՝ հրաժարվել Ուկրաինայի հակամարտությունում ռազմական ուժի կիրառումից:
Նա կոչ է արել ԱՄՆ-ին խստացնել իր դիրքորոշումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ նրա կառավարության նկատմամբ:
«Օբաման կրկնեց սխալը (որն ավելի վաղ թույլ էր տվել պետքարտուղար Ջոն Քերրին), երբ հայտարարեց, որ ԱՄՆ-ը զորքեր չի ուղարկի Ուկրաինային օգնության»,- Washington Post-ի իր հոդվածում գրել է Կասպարովն ու հավելել. «Ոչ ոք չի խնդրել զորքեր մտցնել, եւ Օբաման, հավանական է, կարծում է, որ դրանով ինքը նվազեցնում է լարվածությունը: Բայց այնտեղ, որտեղ Օբաման խաղաղարարության ժեստ է տեսնում, Պուտինը թուլության հերթական դրսեւորումն է տեսնում: Պուտինի տեսանկյունից, իր ընդդիմախոսը հրաժարվել է իր գլխավոր հաղթաթղթերից մեկից՝ ԱՄՆ-ի ռազմական ուժի բացահայտ առավելությունից»:
«Պուտինի հետ չի կարելի գործեր բռնել եւ զբաղվել ավանդական փոխշահավետ համագործակցությամբ, կարծում է Կասպարովը: - Նա օգտագործում է ցանկացած հարմար պահ եւ չի կարծում, որ պետք է առաջնորդվի օրենքի գերակայության սկզբունքով կամ պահպանի մարդու իրավունքները Ռուսաստանում եւ դրա սահմաններից դուրս: Պուտինը կորած գործ է, եւ Ռուսաստանն էլ այդպիսին կմնա՝ մինչ քաղաքական ասպարեզից նրա հեռանալը»:
Ըստ Կասպարովի՝ Պուտինը չի նահանջի եւ չի տապալվի, քանի դեռ նրա իշխանության լուրջ սպառնալիքը երկպառակություն չառաջացնի իր վերնախավի եւ խորհրդականների միջավայրում, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:
«Արեւմտյան առաջնորդները պետք է գնան փողի ճանապարհով, - նշել է ընդդիմադիրը: - պատժամիջոցներ կիրառեք Պուտինին աջակցող վերնախավի նկատմամբ, նրանց ընտանիքի անդամների, որոնց իրենք օգտագործում են արտասահմանում իրենց հաշիվները քողարկելու համար, ուսումնասիրեք նրանց ընկերությունները: Եթե հանցագործ միլիարդատերերի հետ հաշվեհարդար տեսնելու համար գործող օրենքները բավարար չեն, ապա նորերը գրեք: Եվ դա պետք է արագ անել, քանի որ Պուտինին հեռացնելու գինն աճում է յուրաքանչյուր ընդմիջմանը զուգահեռ: Եւ վերջապես, գինը որոշվելու է ոչ միայն փողերով, որոնք վախենում են կորցնել Արեւմուտքի երկրները, այլեւ մարդկային կյանքերով»:




























