Կիեւը ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի տնտեսական մասը մտադիր է ստորագրել կես տարվա ընթացքում: Այս մասին հայտնել է Ուկրաինայի տնտեսական զարգացման եւ առեւտրի նախարար Պավել Շերեմետը:
ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը ստորագրելուց հետո Ուկրաինան ինտեգրվում է Եվրոպայի իրավաքաղաքական դաշտ: Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Ուկրաինայի Գերագույն ռադայի Եվրոպական ինտեգրման հարցերով հանձնաժողովի անդամ Իվան Կիրիլենկոն:
« ԵՄ-ի եւ Ուկրաինայի միջեւ ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը ստորագրելուց հետո մենք ամբողջովին դուրս ենք գալիս Ռուսաստանի քաղաքական ազդեցության ոլորտից», - ասել է Կիրիլենկոն, հայտնում է ՈՒՆՆ-ը:
Նա պարզաբանել է, որ համաձայնագրի քաղաքական մասը ստորագրելը նշանակում է ԵՄ իրավական արժեքների կյանքի կոչում, ինչպես նաեւ համագործակցություն մի շարք բնագավառներում:
« ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը պայմանագիր է սիրո մասին, նշանակում է՝ կբարեկամանանք», - նշել է նա:
Հիշեցնենք, որ մարտի 21-ին ստորագրվել է ԵՄ-ի եւ Ուկրաինայի միջեւ ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը:
Հայտնի է, որ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիր ստորագրելուց նախկին իշխանության հրաժարվելն էլ անցյալ տարվա նոյեմբերին հրահրել էր բողոքի զանգվածային ցույցեր՝ Եվրամայդան անվան ներքո, որը դարձավ Ուկրաինայում իշխանափոխության պատճառ:
Ավելի վաղ վարչապետ Արսենի Յացենյուկը պարզաբանել էր, որ Ուկրաինան հետաձգել է ԵՄ-ի հետ համաձայնագրի տնտեսական մասի ստորագրումը՝ արդյունաբերական բնագավառների համար հնարավոր բացասական հետեւանքների պատճառով, եւ հավելել էր, որ կանցկացվեն հավելյալ խորհրդակցություններ:




























