ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օրենքներ է ստորագրել Ղրիմի եւ Սեւաստոպոլի Ռուսաստանին միանալու մասին: Ստորագրման  հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Կրեմլում:

Պուտինը ստորագրել է «ՌԴ-ի կազմում Ղրիմի Հանրապետության ընդգրկվելու եւ ՌԴ կազմում նոր սուբյեկտներ ձեւավորելու մասին» միջպետական պայմանագիրը վավերացնող օրենքի ներքո, պայմանագիրը կնքվել էր մարտի 18-ին: Այդ օրվանից Ղրիմի Հանրապետությունը համարվում է ՌԴ-ի կազմին միացած: 

Պուտինը ստորագրել է նաեւ դաշնային սահմանադրական օրենք՝ ՌԴ կազմին Ղրիմի միանալու եւ երկրում նոր սուբյեկտներ ձեւավորվելու մասին՝ Ղրիմի Հանրապետություն եւ դաշնային նշանակության Սեւաստոպոլ քաղաք: 

Նոր սուբյեկտների անունները կընդգրկվեն Սահմանադրության «Դաշնային կառուցվածք» հոդվածում (Սահմանադրության 65-րդ հոդվածի 1 մաս):

Հիշեցնենք, որ Պետդուման փաստաթղթերն ընդունել էր մարտի 20-ին՝ մեկ ձեռնպահով, Դաշնության  խորհուրդն էլ միաձայն համաձայնություն էր տվել մարտի 21-ին:

Նախագահը հրամանագիր  է ստորագրել նաեւ Ղրիմի դաշնային մարզ ստեղծելու մասին եւ այնտեղ իր մշտական ներկայացուցիչ է նշանակել Օլեգ Բելավենցեւին, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: