«Թալիշստանի ձայն» ռադիոկայանը տարածաշրջանում խաղաղության պահպանման առաքելություն ունի, մարտի 21-ի մամուլի ասուլիսում հայտարարել է ռադիոկայանի տնօրեն Գառնիկ Գեւորգյանը՝ հավելելով, որ եթե Ադրբեջանը որոշի պատերազմ սկսել, ապա այս վիճակում այն ուղղակի կկործանվի: Նրա խոսքով՝ թալիշ ժողովրդի ազգային նույնականացման վերականգնումը տարածաշրջանում փոխում է ռազմավարական դիրքերը: «Հայտնվում է նոր ուժ»,- նկատել է Գեւորգյանը:
Իր հերթին ԵՊՀ-ի իրանագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանն ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից պատերազմը վերսկսելը կդառնա դրա փլուզման պատճառ:
Մամուլի ասուլիսի մասնակիցները շնորհակալություն են հայտնել«Modus Vivendi» կենտրոնին, «Արմենիա» հեռուստաընկերությանը եւ «Իմպուլս» ռադիոկայանին՝ «Թալիշստանի ձայն» ռադիոկայանին աջակցելու համար:
Նշենք, որ «Թալիշստանի ձայն» ռադիոկայանը պատմության մեջ առաջին թալիշական ռադիոն է: Հաղորդումները նվիրված են բացառապես թալիշ ժողովրդի մշակույթին, պատմությանը եւ ազգային երաժշտությանը: «Ղուրանը» ընթերցվում է թալիշերենով: Ռադիոն սկսել է հեռարձակվել 2013թ. մարտի 21-ից՝ ԼՂՀ-ի Շուշի քաղաքից:




























