Դաշնային քննիչներն ԱՄՆ-ում կարծում են, թե «Medicare»-ի գործով ամենահետախուզվող անձանցից մեկը, որը դատապարտվել է 20 մլն դոլարի խարդախության համար, կարող է թաքնված լինել Լոս Անջելեսի շրջանում: Այդ մասին գրում է «Los Angeles Times»-ը:

Իշխանությունները հայտարարել են, թե Նուրիցա Գրիգորյանը փախել է նախորդ ամիս, երբ մեղավոր էր ճանաչվել Գլենդելի կլինիկայում իր գործողությունների համար: Նա ներկայացել էր որպես բժշկուհի եւ թանկարժեք հոգեբուժական դեղամիջոցների բաղադրատոմսեր դուրս գրել:

Առողջապահության նախարարության եւ սոցիալական ծառայությունների քննիչները հայտարարել են, թե կլինիկան հաճախ է ընդունել անտուն հիվանդների, որոնց տվյալներն օգտագործել է «Medicare»-ի եւ «Medi-Cal»-ի հաշիվները լրացնելիս: Դրանց հետեւանքով մոտ 20 մլն դոլարի հաշիվ է ներկայացվել, «Medicare»-ն ու  «Medi-Cal»-ը վճարել են մոտ 8 մլն դոլար:

Գրիգորյանի վճիռը հրապարակվելու էր հունիսին: Նրան սպառնում է մինչեւ 30 տարվա ազատազրկում: Սակայն նա անհետ կորած է փետրվարի 24-ից: Նա դատական հսկողության տակ էր՝ հատուկ ապարանջանի օգնությամբ, բայց անջատել է այն կամ հանել: Հաղորդվում է, որ Գրիգորյանը գնացել է Գլենդելում Հայաստանի հյուպատոսարան՝ փաստաթղթեր ստանալու, ապա կորել է: Լիովին հնարավոր է, որ նա արդեն լքել է ԱՄՆ տարածքը:

Սակայն Գրիգորյանի ընտանիքը դեռ գտնվումէ  Լոս Անջելեսում, ինչպես են սպիտակ շունը, որին քննիչները հաճախ են տեսել տեսադիտման ընթացքում: «Չի բացառվում, որ նա մոտակայքում է»,- ասել է քննիչներից մեկը: