Զինված գրոհայինները հարձակվել են Բաղդադից 120կմ հյուսիս գտնվող ոստիկանական բաժանմունքի վրա, ութ իրավապահ զոհվել, երկուսը վիրավորվել են: Մահապարտ-ահաբեկիչը պայթուցիկներով պատված մեքենայով մոտեցել է շենքի դարպասներին: Այնուհետեւ գրոհայինները կրակ են բացել ոստիկանների ուղղությամբ: Բոլոր տուժածներին տեղափոխել են հիվանդանոց:

Իրավապահների դեմ եւս մեկ հարձակում կատարվել է Սամարրա քաղաքում: Անցակետի մոը ավտոմեքենայի պայթյունից զոհվել է 2 իրավապահ, եւս երեքը տուժել են:

Կրկնակի ահաբեկչություն է կատարվել նաեւ երկրի արեւմտյան Ռամադի քաղաքում, որտեղ մահապարտները հարձակվել էին թաղման թափորի վրա: Զոհվել է 15 մարդ, վիրավորվել՝ 50-ը, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: 

Իրաքը մեկ տարուց ավելի է սուր ճգնաժամ է ապրում անվտանգության բնագավառում: Ըստ ՄԱԿ-ի առաքելության տվյալի՝ 2013թ. բռնության զոհ է դարձել 9 հազար իրաքցի, որոնցից 8 հազարը՝ խաղաղ բնակիչներ եւ ոստիկաններ:

ՄԱԿ-ը նաեւ հայտնում է, որ միայն այս տարվա փետրվարին երկրում ահաբեկչությունների հետեւանքով զոհվել է 703 մարդ: Զոհերի ցուցակում կան 564 քաղաքացիական անձինք, իրավապահ մարմինների 139 աշխատակից եւ զինծառայող: Իրաքում այս տարվա սկզբից զոհվել է 2 հազար մարդ: