Մարտի 23-ին լրանում է հայ մեծ բարերար Գալուստ Գյուլբենկյանի ծննդյան 145 ամյակը եւ այդ առթիվ մարտի 21-ին ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ Հայ բարերարների ճեմուղում կայացավ մեծ բարերարի հոբելյանին նվիրված միջոցառում:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀԲԸՄ Կենտրոնական վարչական ժողովի անդամ Վազգեն Յակուբյանը, Ֆրանսիայի «Սիանս Պո» քաղաքագիտության ինստիտուտի մասնագետ Ժիլբեր Տերտերյանը, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը եւ մյուս ներկաները ծաղիկներ դրեցին Գալուստ Գյուլբենկյանի եւ ճեմուղու մյուս մեծանուն բարերարների հուշակոթողների առջեւ:

Գալուստ Գյուլբենկյանը, կրթություն ստանալով եվրոպական հայտնի համալսարաններում, տիրապետում էր ութ լեզվի։ Հայազգի մեծ բարերարը հրաշալի գիտեր երկրագնդի տարբեր շրջանների երկրաբանական ու աշխարհագրական տվյալները, հատկապես՝ նավթային քարտեզը։

«Կարծում եմ՝ մերօրյա հայ գործարարները դասեր պետք է քաղեն մեր մեծ հայրենակցի կյանքից», - ընդգծեց նախարար Հակոբյանը՝ առանձնացնելով Գյուլբենկյան մարդու՝ գիտելիքի ջատագով լինելու, սկսած աշխատանքը նվիրումով եւ մինչեւ վերջ հասցնելու, իր ազգի հանդեպ անսահման  նվիրումի եւ համայն մարդկությանը ծառայելու սկզբունքային մոտեցումները:

Հակոբյանը նշեց նաեւ այն փաստը, որ Գալուստ Գյուլբենկյանը Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության ղեկավարությունը ստանձնել է կազմակերպության հիմնադիր Պողոս Նուբար փաշայի մահից հետո՝ 1906թ.:

Սակայն մեծ բարերարի երազանքը՝ հաստատվել հայրենիքում եւ ողջ կարողությունը կտակել  Հայաստանին, Խորհրդային ռեժիմի պայմաններում այդպես էլ չի իրագործվել:

Վերջին հանգրվանում՝ Պորտուգալիայում, Գյուբենկյանն ապրել է տասներեք տարի։ Նրա վերջնական կտակի համաձայն՝ «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնադրամը պետք է գտնվեր Լիսաբոնում եւ ղեկավարվեր պորտուգալական օրենքներով, բայց միաժամանակ պետք է նպաստեր համայն մարդկության առաջընթացին,  ինչպես Նոբելյան հիմնադրամը։

Խորհրդային տարիներից առ այսօր Գյուլբենկյան հաստատությունը օգնում է Երեւանի Մատենադարանին, մեծ բարերարի անվան կրթաթոշակներով են ապահովվում աշխարհի տարբեր երկրների հայազգի 100-ավոր ուսանողներ:

Հայաստանում մշտապես գնահատել եւ մեծարել են աշխարհահռչակ հային, նրա անվամբ Երեւանում գործում է դպրոց, կա փողոց:

«Մենք պետք է օրինակ վերցնենք Գալուստ Գյուլբենկյանից եւ անմար պահենք նրա անունը հայոց պատմության մեջ», - եզրափակեց իր խոսքը  ՀՀ սփյուռքի նախարարը: