Հայաստանի կողմից Ղրիմի անեքսիայի ճանաչումը բացասական հետեւանքների կհանգեցնի հայ-ուկրաինական հարաբերություններում: Այս մասին, այսօր՝ մարտի 21-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշել է Ուկրաինայի ԱԳ փոխնախարար Դանիիլ Լուբկիվսկին:
«Ուկրաինայում Հայաստանի դեսպանին երկու անգամ կանչել են Ուկրաինայի ԱԳՆ: Մենք նրան հասցրինք մեր անհանգստությունը, Հայաստանում մեր դեսպանատունը համապատասխան հանձնարարություն է ստացել: Այսօր հայկական կողմին նոտա է հանձնվել, որտեղ մենք դիմում ենք Հայաստանի պաշտոնական դիրքորոշման վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար: Մենք դիմել ենք Հայաստանին, որպեսզի նա պաշտոնապես եւ հրապարակավ հայտնի, որ չի ճանաչում Ղրիմի անեքսիան: Դիրքորոշման իրականացման կամ բարձրաձայնման դեպքում, որը մենք կարող ենք համարել ոչ բարեկամական, դա բացասական հետեւանքներ կունենա մեր երկկողմ հարաբերությունների համար»,-ասել է Լուբկիվսկին, հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը:


























