Հայաստանի Կրթության եւ գիտության նախարարությունում այսօր՝ մարտի 21-ին, նախարար Արմեն Աշոտյանը դրամաշնորհներ է հանձնել ասպիրանտներին եւ երիտասարդ հայցորդներին:
Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են. «Միջոցառմանը հրավիրված էին ՀՀ կրթության եւ գիտության նախարար Ա. Աշոտյանը, ՀՀ ԳԱԱ նախագահ Ռ. Մարտիրոսյանը եւ ԵՊՀ ռեկտոր Ա. Սիմոնյանը, ովքեր էլ մրցույթում հաղթած երիտասարդների հանձնեցին դրամաշնորհի վկայագրերը:
Իր ելույթում ԿԳ նախարար Ա. Աշոտյանը երիտասարդ գիտնականներին տեղեկացրեց, որ կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ երիտասարդ գիտնականների բողոքի կապակցությամբ մոտ օրերս հանդիպում է կայանալու ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի մոտ՝ ստեղծված իրավիճակում սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված քայլերը քննարկելու նպատակով:
Մրցույթի արդյունքում գիտական հետազոտությունների իրականացման համար ՀՀ բնակիչ հանդիսացող եւ ծրագրի իրականացման ընթացքում Հայաստանում բնակվող ասպիրանտներին եւ երիտասարդ հայցորդներին տրամադրվելու են հետեւյալ դրամաշնորհները.
- մինչեւ 1700000 (մեկ միլիոն յոթ հարյուր հազար) ՀՀ դրամ` մեկամյա անհատական աջակցություն՝ պետական պատվերով առկա (բացի ուսուցման երրորդ տարվա) եւ հեռակա ուսուցման ասպիրանտներին, ինչպես նաեւ երիտասարդ (մինչեւ 35 տարեկան) հայցորդներին, ովքեր գիտական կազմակերպությանը (բուհին) կցվել են հայտ ներկայացնելուց առնվազն մեկ տարի առաջ,
- մինչեւ 1275000 (մեկ միլիոն երկու հարյուր յոթանասունհինգ հազար) ՀՀ դրամ իննամսյա անհատական աջակցություն՝ պետական պատվերով առկա ուսուցման երրորդ տարվա ասպիրանտներին:
Մրցույթին մասնակցելու համար ստացվել է 99 հայտ: Տեխնիկական ստուգման պահանջներին համապատասխանող հայտերը տրամադրվել են մասնագիտական փորձագիտական խորհրդին` գիտական փորձաքննություն իրականացնելու համար: Գիտական փորձաքննության ժամանակ գնահատվում են հայտի գիտական եւ գիտատեխնիկական նորույթը եւ արդիականությունը, գիտական թեմայի իրականացման նախադրյալները, փուլերը եւ ժամկետները, պահանջվող ֆինանսական միջոցների հիմնավորվածությունը, հայտատուի գիտական պատրաստվածությունը եւ գիտական ղեկավարի գիտաչափական տվյալները, ինչպես նաեւ գիտության տվյալ բնագավառի առանձնահատկություններից բխող այլ հարցեր:
Գիտական փորձաքննության հիման վրա կազմվել է գիտական թեմաների վարկանիշային ցանկը, որի արդյունքներով ֆինանսավորման է երաշխավորվել 28 թեմա:
Ընտրված թեմաների կեսը՝ 14-ը, բնական գիտությունների բնագավառից են, 6-ը ներկայացնում են ճարտարագիտություն եւ տեխնոլոգիա, 1-ը` բժշկական, 1-ը` գյուղատնտեսական, 4-ը՝ հասարակական, 2-ը՝ հայագիտություն եւ հումանիտար գիտություններ բնագավառները:
Շնորհառուներից 20-ը ասպիրանտներ են (11 առկա ուսուցմամբ եւ 9 հեռակա), 8-ը` հայցորդներ:
Ֆինանսավորման երաշխավորված թեմաներից 8-ը ներկայացրել են ՀՀ ԳԱԱ ինստիտուտների ասպիրանտները եւ երիտասարդ հայցորդները: 8 թեմա հաղթող է ճանաչվել ԵՊՀ-ից, 3 թեմա` Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանից, 5-ը` Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանից եւ 1-ական թեմաներ` Հայաստանի պետական տնտեսագիտական, Մ. Հերացու անվան բժշկական, Հայաստանի ազգային ագրարային եւ Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարաններից»:




























