ԵՄ երկրները պայմանավորվել են բանկերում արտասահմանցի հաճախորդների եւ նրանց եկամուտների մասին տեղեկատվության փոխանցման մասին: Փաստացի, մարտի 19-20-ի գագաթաժողովից հետո ԵՄ-ն հրաժարվել է իր տարածքում բանկային գաղտնիքից:
«Այս քայլն անխուսափելի է եւ անհրաժեշտ, որպեսզի ԵՄ անդամ երկրները կարողանան առավել վճռական քայլեր ձեռնարկել հարկային խարդախությունների եւ հարկերից խուսափելու դեմ պայքարի ուղղությամբ», - հայտարարել է ԵԽ նախագահ Հերման վան Ռոմպեյը:
Նախկինում նման քայլին վճռականորեն հակադրվում էին Լյուքսեմբուգն ու Ավստրիան, սակայն այժմ նրանք էլ են կողմ քվեարկել:
Այսկերպ ԵՄ-ն խստացնում է պայքարը հարկային խարդախությունների դեմ: Ամեն տարի ԵՄ երկրները տրիլիոն եվրո են կորցնում հարկերից խուսափողների պատճառով, հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով AFP-ն:
Բրյուսելի գագաթաժողովում Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավիե Բեթելը հայտնել է, որ Եվրահանձնաժողովը մտադիր է մինչեւ 2014թ. վերջը ավարտել բանակցությունները ԵՄ-ի կազմում չընդգրկված երկրների հետ՝ Շվեյցարիայի, Մոնակոյի, Անդորայի, Լիխտեյնշտեյնի եւ Սան Մարինոյի:
Նշենք, որ Լյուքսեմբուրգում կա 150 բանկ: Ներդրումների ընդհանուր քանակը 20 անգամ գերազանցում է երկրի ՀՆԱ-ն:
ԵՄ երկրների միջեւ բանկային տվյալների փոխանակման մասին նոր օրենքները ուժի մեջ կմտնեն 2016 թ.:




























