Բուլղարիայում այսօր՝ մարտի 21-ին, սկսվել են ՆԱՏՕ-ի եւ նրա գործընկեր երկրների (այդ թվում Հայաստանի) համատեղ զորավարժությունները:
Saber Guardian անվանումը կրող զորավարժությունները տեղի են ունենում Բուլղարիայի արեւելքում Նովո Սելո բնակավայրից ոչ հեռու գտնվող մարզաբազայում: Դրանց մասնակցում են 700 զինծառայողներ ՆԱՏՕ-ի 12 երկրներից եւ Դաշինքի գործընկերներ երկրներից, այդ թվում Հայաստանից, Ադրբեջանից, Վրաստանից, Մոլդովայից, Սերբիայից, ինչպես նաեւ Ուկրաինայից, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով The Associated Press-ը:
Նշենք, որ ԱՄՆ բանակի ներկայացուցիչ Ջեսսի Գրենջերը հայտարարել է, որ մանեւրները նախատեսված էին նախքան Ուկրաինայում իրավիճակի լարումը: Ավելի վաղ տարածաշրջանում տեղի էին ունեցել ԱՄՆ-ի, Բուլղարիայի եւ Ռումինիայի համատեղ զորավարժությունները:




























