«Թալիշստանի ձայն» ռադիոկայանի աշխատանքը հանգեցրել է Ադրբեջանում «թալիշ» բառի տաբուի վերացմանը: Թալիշների ներկայացուցիչներն այլեւս չեն թաքցնում իրենց ազգային պատկանելությունը: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ռադիոկայանի տնօրեն Գառնիկ Գեւորգյանը:

Նաընդգծել է, որ ռադիոկայանը դարձել է թալիշների մշակութային օրրանը, ոչ միայն նրա ինտելեկտուալ, այլեւ քաղաքական կյանքի կենտրոնը, կապել է մշակութային ու քաղաքական էլիտան: Տնօրենը ընդգծել է, որ ռադիոկայանը թալիշների քաղաքական ուժերի հարթակն է դարձել: Նա նաեւ նշել է, որ ռադիոկայանի գոյությունը հանգեցրել է նրան, որ չնայած Ադրբեջանի կողմից ստեղծվող խոչընդոտներին, թալիշական հարցը բարձրացվում է տարբեր միջազգային կառույցներում:

Նշենք, որ «Թալիշստանի ձայնը» ռադիոկայանը պատմության մեջ առաջին թալիշական ռադիոն է: Հաղորդումները նվիրված են բացարձակապես թալիշների մշակույթին, պատմությանն ու ազգային երաժշտությանը: Ընթերցվում է «Ղուրան»՝ թալիշերենով: Հեռարձակումը ռադիոկայանը սկսել է նախորդ տարվա մարտի 21-ին ԼՂ Շուշի քաղաքից: