Ամենապրագմատիկ գնահատականներով՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում Լեռնային Ղարաբաղի համար պատերազմի չի լինի: Այս մասին, այսօր՝ մարտի 21-ին, Երեւանում ընթացող «ՆԱՏՕ-ն եւ Հարավային Կովկասը. Ռազմավարական մոտեցում տարածաշրջանային անվտանգությանը» միջազգային կոնֆերանսի ժամանակ հայտարարել է ռուսաստանցի քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը:

Բոլոր համաշխարհային խաղացողները, նրա խոսքով, պասիվ կերպով հետեւում են ԼՂ հակամարտության գոտում ընթացող գործընթացներին, ակտիվություն չկա: «ԱՄՆ-ի համար ԼՂ հարցը ոչ նպատակ է, ոչ միջոց, ոչ խնդիր: Եվրամիությունը Հարավային Կովկասում հեռու է մնում լուրջ խնդիրներից՝ չունենալով ոչ լուրջ շահեր, ոչ լծակներ: Բացի Ռուսաստանից, ԵԱՀԿ Մինսկի խմբի մնացած բոլոր միջնորդները ձեւ են անում, կարծես ԼՂ խնդիրը գոյություն չունի»,-ասել է Սկակովը:

Փորձագետի ներկայացմամբ՝ ղարաբաղյան խնդրում կարեւոր գործոն է Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ վստահության ճգնաժամը, հատկապես Ուկրաինական դեպքերից հետո:

«Ղրիմի հարցի լուծումը եւ ռուս-ուկրաինական հարաբերությունների ապագան պետք է նախորդի ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման գործընթացին»,-ընդգծել է Սկակովը: