Հայաստանի բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի դեսպան Ջովաննի Ռիչուլլիին եւ նրա հետ քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Բնապահպանության նախարարությունից:
Կողմերը կարեւորել են երկու պետությունների բնապահպանական կառույցների համագործակցության սերտացման եւ փորձի փոխանակման անհրաժեշտությունը: Հյուրի խնդրանքով նախարար Արամ Հարությունյանը տեղեկություններ է տրամադրել Բնապահպանության նախարարության կառուցվածքի եւ հիմնական գործառույթների վերաբերյալ: Ներկայացվել է նաեւ Հայաստանի բնապահպանական խնդիրների առանձնահատկությունները եւ դրանց լուծման ուղղությամբ տարվող պետական ծրագրային աշխատանքները:
Կողմերը մտքեր են փոխանակել երկու երկրներում՝ միջավայրի պահպանության նպատակով տարվող աշխատանքների եւ էկոտուրիզմի կարեւորության հարցերի շուրջ:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Ջովաննի Ռիչուլլին հավաստիացրել է, որ միջոցներ է ձեռք առնելու Հայաստանի եւ Իտալիայի բնապահպանական գերատեսչությունների միջեւ կապերը սերտացնելու եւ փոխգործակցության ոլորտն ընդլայնելու ուղղությամբ:
Նախարար Արամ Հարությունյանը դեսպանին հրավիրել է իրեն հարմար ժամանակահատվածում համատեղ այցելություն կատարել Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներից որեւէ մեկը՝ տեղում տարվող աշխատանքներին ծանոթանալու համար:



























