Ուկրաինայի ԱԳՆ-ն մոտ ժամանակներս առաջարկներ կմշակի Ռուսաստանի հետ վիզային ռեժիմ սահմանելու վերաբերյալ:

«ԱԳՆ-ն համապատասխան առաջարկներ է մշակում այդ հարցի իրականացման ուղղությամբ: Մոտ ժամանակներս մենք պատրաստ ենք այդ առաջարկները ներկայացնել Ուկրաինայի կառավարության քննարկմանը»,-բրիֆինգի ժամանակ հայտնել է ԱԳՆ տեղեկատվական քաղաքականության դեպարտամենտի տնօրեն Եվգենի Պերեբիյնիսը:

Նրա խոսքով՝ ՌԴ-ի հետ վիզային ռեժիմ սահմանելու մասին Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի որոշումը ուժի մեջ չի մտել, քանի որ այն պետք է հաստատի նախագահի պաշտոնակատար Տուրչինովն իր հրամանագրով: Միաժամանակ, այդ հարցի վերաբերյալ առաջարկների շուրջ աշխատանքները շարունակվում են:

Պերեբիյնիսը նշել է, որ նշել է, որ Կիեւի նման քայլերը կապված են Ուկրաինայի քաղաքացիների կյանքի անվտանգության եւ առողջության ապահովման հետ, քանի որ վերջին ժամանակներս Ուկրաինայի տարածքում սադրանքներ են իրականացվում ՌԴ կողմից, հաղորդում է «Ինտերֆաքս Ուկրաինան»:

Մասնավորապես, նրա խոսքով՝ ուկրաինացի իրավապահներն ապացույցներ ունեն, որ ռուսական կողմը հատուկ պատրաստված դիվերսիոն խմբեր է ուղարկում Ուկրաինա:

«Ուստի Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհուրդը որոշել է քննարկել ՌԴ-ի հետ վիզային ռեժիմ սահմանելու հարցը»,-ասել է դիվանագետը: