Հայ-ռուսական բարեկամության խորհրդարանական ակումբը կարող է լինել այն կառույցը եւ հարթակը, որտեղ խորհրդարանականները կկարողանան միասին քննարկել եվրասիական ինտեգրման գործընթացի շրջանակներում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր եւ համատեղ ծրագրեր:
Այս մասին, այսօր՝ մարտի 21-ին, Ազգային ժողովում, ակումբի երկրորդ նիստի ժամանակ նշել է Ակումբի ՌԴ կողմից պատասխանատու քարտուղար, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության նախկին դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն:
ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հայ եւ ռուս խորհրդարանականները քննարկել են մի շարք օրակարգային, ակումբի գործունեությանը վերաբերող եւ կազմակերպչական հարցեր: Նրանք անդրադարձել են խորհրդարանական համագործակցության զարգացման հեռանկարներին, կարեւորել են երկու երկրների միջեւ երկկողմ հարաբերությունների խորացումը տարբեր ոլորտներում, մասնավորապես հումանիտար, կրթության եւ մշակույթի: Նիստում անդրադարձ է կատարվել նաեւ Ուկրաինայում տիրող իրավիճակին:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջարկներ ներկայացնել հաջորդ նիստի օրակարգի թեմայի վերաբերյալ:




























