«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» օրենքը վերաբերում է միայն ֆիզիկական անձանց եւ խտրականություն է դնում ֆիզիկական եւ իրավաբանական անձանց միջեւ, ինչը պետք է վերացվի: Այս մասին, այսօր՝ մարտի 21-ին, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի  նիստում հայտարարել է ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

Նա առաջարկել է օրենքով երաշխավորել նաեւ իրավաբանական անձանց բանկային ավանդների հատուցումը:

Հանձնաժողովը քննարկել է Հեղինե Բիշարյանի, Մհեր Շահգելդյանի, Հովհաննես Մարգարյանի եւ Իշխան Խաչատրյանի հեղինակած «Երեւան քաղաքում խոշոր առեւտրային օբյեկտների տեղակայման չափորոշիչներ սահմանելու մասին» օրինագիծը:

Նախագծի համահեղինակ Մհեր Շահգելդյանը նշել է, որ վերջին տարիներին Երեւան քաղաքում խոշոր առեւտրային օբյեկտների թիվը ավելացել է, եւ անհրաժեշտություն է առաջացել օրենքով կարգավորել այդ օբյեկտների տեղակայման չափորոշիչները եւ դրանց հետ կապված իրավահարաբերությունները:

Նախագծում ներկայացված են գերխոշոր, խոշոր եւ միջին առեւտրային օբյեկտների բնութագրերը, խոշոր առեւտրային օբյեկտների տեղակայմանը ներկայացվող պահանջները եւ չափորոշիչները, ինչպես նաեւ դրանց սահմանման նպատակները: Այն կարգավորում է նաեւ Երեւան քաղաքում խոշոր առեւտրային օբյեկտների կառուցապատման եւ տեղակայման չափորոշիչների նկատմամբ պետական վերահսկողության հետ կապված հարաբերությունները եւ ուղղված է փոքր ու միջին առեւտրային օբյեկտների շահերի պաշտպանությանն ու մրցունակության ապահովմանը:

Հանձնաժողովը քննարկված երկու օրինագծերին դրական եզրակացություն է տվել՝ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկելու համար: