Ուկրաինացի ռեժիսոր եւ պրոդյուսեր Ելենա Ֆետիսովան, ով «Փարաջանով» ֆիլմի ստեղծողներից է, հրաժարվել է Հայաստանի նախագահի մրցանակից եւ չի ժամանել Երեւան:

Այսօր՝ մարտի 21-ին մրցանակի հանձնման ժամանակ Կինոարվեստի հանձնախմբի նախագահ Դավիթ Մուրադյանը իր գլխավորած հանձնախմբի որոշումը ներկայացնելուց հետո, ասել է, թե ստիպված է ափսոսանքով նշել, որ այսօրվա մրցանակակիրներից մեկը՝ համառեժիսոր Ելենա Ֆետիսովան, որոշակի նկատառումներով նպատակահարմար չի գտել ներկա լինելու մրցանակի հանձնման արարողությանը:

Սերժ Սարգսյանը միջոցառման մասնակիցներին տեղեկացրել է, որ այսօր առավոտյան տիկին Ելենա Ֆետիսովայից ստացել է նամակ, որում նա շատ հարգալից կերպով շարադրում է Երեւան չժամանելու իր դրդապատճառները:

«Ես իր գործընկերների միջոցով իրեն կփոխանցեմ պետական մրցանակը, եւ իր իսկ ցանկությամբ, մրցանակի դրամական բաղադրիչը կուղղենք բարեգործական նպատակների՝ այն կրկնապատկելով Հանրապետության նախագահի հիմնադրամից:

Ուզում եմ ասել, որ ես հասկանում եմ տիկին Ֆետիսովայի դրդապատճառները, բայց ուզում եմ դիմել եւ՛ հարգարժան տիկնոջը, եւ՛ ուկրաինական ժողովրդին՝ ասելով, որ մենք եղբայրական ժողովուրդներ ենք, եւ այդ եղբայրության, բարեկամության մասին են վկայում հազարավոր փաստեր՝ Լվովի միջնադարյան տաճարներից սկսած մինչեւ այսօրվա Հայաստանում գործող ուկրաինական համայնքի ակտիվ դիրքորոշումը: Մենք դարեր շարունակ ուս ուսի միասին կռվել ենք զավթիչների դեմ, մենք պատմության հազարավոր փառավոր էջեր ունենք: Այդպես եղել է եւ այդպես էլ շարունակվելու է»,- ասել է Սարգսյանը:

Նա նշել է, թե այնպես է պատահում, որ ժամանակի եւ իրադարձությունների թոհուբոհի մեջ տարբեր երեւույթներ ունենում են տարընկալումներ, բայց ժամանակի մեծությունը նաեւ նրանում է, որ ժամանակի ընթացքում ամեն ինչ հստակեցվում է, տարըմբռնումները վերանում են, եւ ամեն ինչ ընկնում է իր տեղը: «Մեկ անգամ եւս կրկնում եմ, որ ուկրաինացիները մեր եղբայրներն են: Այնպես որ՝ ես խնդրում եմ գործընկերներին՝ մրցանակը փոխանցել տիկին Ֆետիսովային»,-ասել է նախագահ Սերժ Սարգսյանը: