Ղրիմի հանրաքվեն ժողովրդի ազատ կամարտահայտման արդյունք չի եղել, ուստի ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման լավագույն օրինակը չէ: Այդ մասին NEWS.am-ի եւ «168ժամ» թերթի թղթակիցների հետ զրույցում հայտարարել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Քեթրին Լիչը՝ համեմատելով Ղրիմի հանրաքվեն ղարաբաղյան հարցի հետ:

Նրա խոսքով, ժողովուրդների ինքնորոշման եւ տարածքային ամբողջականության սկզբունքների միջեւ յուրաքանչյուր բախում ունիկալ է: «Այդ բոլոր դեպքերից յուրաքանչյուրի միակ լուծումը խաղաղ բանակցություններն են»,- ընդգծել է Քեթրին Լիչը:

Նա նշել է, թե Մեծ Բրիտանիան չի ճանաչում Ղրիմի հանրաքվեն որպես ժողովրդի ազատ կամարտահայտում: «Հանրաքվեն չի կարող ազատ լինել, երբ կազմակերպվել է 2 շաբաթվա ընթացքում, ռուսաստանյան զինված ուժերի մասնակցությամբ, հակասում է Ուկրաինայի Սահմանադրությանն ու միջազգային իրավունքի նորմերին: Մենք չենք ճանաչում Ռուսաստանի կողմից Ղրիմի անեքսիան: Մենք հուսով ենք, որ Ռուսաստանը բանակցությունների սեղանի շուրջ կնստի Ուկրաինայի հետ»,- նշել է Քեթրին Լիչը՝ հավելելով, որ անհրաժեշտ է քննարկել մի շարք կարեւոր հումանիտար հարցեր, օրինակ՝ ուկրաինացի զինվորականների տարհանումը Ղրիմից: