Միավորված ազգերի կազմակերպությունը պատրաստ է Ղրիմին տալ ապառազմականացված գոտի: Այդ մասին մարտի 21-ին ճեպազրույցում հայտարարել է Գերագույն ռադայի նախագահ, Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունի հետ հանդիպումից հետո, ով Կիեւ է ժամանել երկօրյա այցով:

«Մենք պայմանավորվել ենք Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում ապառազմականացված գոտու ստեղծման մասին»,- ասել է նա: ՄԱԿ-ը մտադիր է գլխավորել Ղրիմի իրավիճակի վերաբերյալ միջազգային հանձնաժողովը:

Իր հերթին, Բան Կի Մունն ընդգծել է Կիեւի եւ Մոսկվայի միջեւ կառուցողական երկխոսության անհրաժեշտությունը: Նա կողմերին կոչ է արել մի կողմ դնել զգացմունքներն ու հռետորաբանությունը, զերծ մնան սադրիչ գործողություններից, որոնք կարող են խորացնել առանց այն էլ անկայուն իրավիճակը:

Բան Կի Մունը նաեւ հաղորդել է, թե ՄԱԿ-ը պատրաստ է Ուկրաինային օգնել մայիսի 25-ին կայանալիք ընտրություններին պատրաստվելու գործում: