Երեւանի Ավան թաղամասի 38-ամյա բնակիչ Արմեն Հ.-ն մեղադրվում է գիշերային ակումբում ծեծկռտուք սարքելու եւ հասարակական կարգը խախտելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Դեպքը տեղի է ունեցել անցած տարվա հոկտեմբերի 17-ին գիշերը ժամը 03:30-ի սահմաններում: Արմենը Ջրվեժի գիշերային ակումբներից մեկում ոգելից խմիչք օգտագործած վիճակում մի խումբ անձանց հետ դիտավորյալ խախտել է հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք արտահայտել ակումբում գտնվող մարդկանց նկատմամբ, ինչպես նաեւ բռնություն է գործադրել:
Արմեն Հ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, որը նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկում` առավելագույնը հինգ տարի ժամկետով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Գործը քննվում է Ավան եւ Նոր Նորք ընդհանուր իրավասության դատարանում: Դատական նիստի օրը դեռ նշանակված չէ:




























