Երեւանի 17-ամյա բնակիչ Արթուր Մ.-ն մեղադրվում է Արթուր Ա.-ին եւ Կարեն Ս.-ին սուր կտրող գործիքով մարմնական վնասվածքներ պատճառելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:

Դեպքը տեղի է ունեցել անցած տարվա փետրվարին: Նախ փետրվարի 28-ին Արթուրը ընկերոջ՝ Գեւորգ Ս.-ի հետ «բարեւելու» շուրջ վիճաբանել է Արթուր Ա.-ի եւ Կարեն Ս.-ի հետ: Այնուհետեւ մարտի 1-ին երիտասարդները շարունակել են վիճաբանությունը: 17-ամյա Արթուրը մոտ 10 րոպե տվել է սեռական բնույթի հայհոյանքներ, իսկ հետո արդեն սուր կտրող գործիքով հարվածներ հասցրել Արթուրին եւ Կարենին՝ պատճառելով վերջիններիս մարմնական ծանր վնասվածքներ:

Արթուր Մ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի եւ 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով: Առաջինը նախատեսում է ազատազրկում 5-10 տարի ժամկետով, իսկ երկրորդը՝ 4-7 տարվա ազատազրկում: 17-ամյա Արթուրը կալանավորված է:

Գործը քննվում է Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում: Գործն ընդունվել է վարույթ, սակայն նիստի օրը նշանակված չէ: