Արարատի մարզի Այգեզարդ գյուղի 42-ամյա բնակիչ Արմեն Շ.-ն մեղադրվում է վստահությունը չարաշահելով Արմեն Թ.-ից 3500 ԱՄՆ դոլար հափշտակելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Արմեն Շ.-ն, ներկայանալով որպես ՊՆ ռազմական ոստիկանության ծառայող, Երեւանի բնակիչ Արմեն Թ.-ին խոստացել է, որ կարող է վերջինիս որդուն ազատել պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից՝ դրա դիմաց պահանջելով 3500 ԱՄՆ դոլար: Անցած տարվա մայիսին Արմեն Թ.-ն փոխանցել է այդ գումարը, իսկ Արմեն Շ.-ն այն օգտագործել է իր անձնական կարիքների համար:
Արմեն Շ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի եւ 312-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Առաջինը նախատեսում է տուգանք` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկում` երկուսից հինգ տարի ժամկետով, իսկ երկրորդը՝ տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկում՝ երկուսից հինգ տարի ժամկետով: Արմեն Շ.-ն կալանավորված է:
Գործը քննվում է Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում: Գործն ընդունվել է վարույթ, սակայն դատական նիստի օրը դեռ նշանակված չէ:




























