Ազգությամբ քուրդ խորթ հորը սպանած՝ Գյումրու 23-ամյա բնակիչ Մաքսիմ Բաքոյանի հարազատ հայրը՝  ազգությամբ եզդի Ջնդի Շամոյանը, հասկանում է որդուն, որը, նրա կարծիքով, հետեւել է եզդիների կրոնական օրենքին ու մոր սպանության վրեժը լուծել։

«Նախ Մայան պետք է չամուսնանար մուսուլմանի հետ։ Ինչ վերաբերում է Մաքսի արածին, որ սպանել է խորթ հորը, որպես ծնող ես չեմ համարում, որ նա ճիշտ է արել, բայց որպես մարդ, գտնում եմ, որ նա լավ է արել, ես չեմ ասում՝ ուրախանում եմ իր արարքի համար, որովհետեւ ինքը հիմա նեղության մեջ է, բայց ինքը չէր կարող ամբողջ կյանքն ապրել էն բանից հետո, ինչ Թուրքիայում արեցին իր մոտ հետ»,- NEWS.am-ին ասաց Ջնդի Շամոյանը, որը մարտի 15-ի ողբերությունից հետո վերադարձել է Ռուսաստանից։

Սպանված քրդի՝ Էվիլիա Գյուլիշթեքինի դին Թուրքիայից եկել, տարել է հորեղբայրը։ Նրա հարազատները պահանջել են նաեւ 2 երեխաներին ուղարկել Թուրքիա, սակայն Մաքսիմի մորաքույրը՝ Բասե Շարոյանը, չի թույլատրել երեխաներին տանել Հայաստանից:

«Ես կպահեմ իմ քրոջ զավակներին, ես չեմ թողնի որ իրանց տանեն, Աստված գիտի Թուրքիայի որ փողոցները գցեն, ես հայկական սովորություններով իրանց կդաստիարակեմ մինչեւ Մաքսիմս գա։ Մաքսիս որ ոստիկանությունից բերեցին դեպքի տեղը ցույց տալու, տղես՝ Մաքսը, ասում էր, թե՝ մորքուր, երեխեքին լավ կնայես, ուրիշի չտաս», -ասաց Բասե Շարոյանը:

Չնայած մորաքույրը երեխաներին չի պատմել, որ իրենց հայրը սպանվել է իրենց եղբոր ձեռքով, սակայն նրանց քուրդ հորեղբայը զանգել է ու երեխաներին պատմել կատարվածը։ Մորաքույրն ասում է՝ երեխաները եղբորը՝ Մաքսիմ Բաքոյանին չեն մեղադրում:

«Սոնաս ասում է՝ մորքուր հոպարն էր մեղավոր, մամային որ չսպաներ, ապերը նման բան չէր անի»,- պատմեց մորաքույրը: Հիշեցնենք, որ հենց Էվիլիա Գյուլիշթեքինի եղբայրն էր անցած տարի Թուրքիայում սպանել երեխաների մորը՝ Մայային։

Երեխաների մորաքույրը նաեւ պատմեց, որ քուրդ փեսան տարօրինակ գործերով է զբաղվել՝ Մայայի տուն բերելով կանանց, փակվել է սենյակում, ինչ-որ գուշակություններ արել, գյումրեցի երիտասարդ աղջիկների է ճանապարհել Թուրքիա, հետո աղջիկների ծնողները եկել,  կռվել են նրա հետ, քանի որ իրենց աղջիկներից տեղեկություն չեն ունեցել։

Թե ինչով է զբաղվել նախկին կինը քուրդ ամուսնու հետ, Ջնդի Շամոյանն ասում է՝ երբեք չի հետաքրքրվել, ապրել է իր նոր ընտանիքի հետ Ռուսաստանի Դաշնությունում:

«Ադրբեջանացի թուրքը որ արտասահմանում հայի սպանեց, իրան տեղափոխեցին Ադրբեջան, աերոպորտից բաց թողեցին եւ տվեցին «գերոյ», որ ինքը հայ է սպանել... Եթե թասիբով, նամուսով խորանանք, մտածենք, մենք էլ պիտի անենք այն, ինչ անում են ուրիշ երկրները։ Ինձ իմ տղայի ազատությունն է պետք, ես դրա համար եմ այստեղ եկել», - ասաց Մաքսիմի հայրը:

NEWS.am-ի հետ զրույցում Եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանն ասաց, որ Մաքսիմ Բաքոյանին մարդասպան չի համարում. եզդիների օրենքով, նա  իրավունք ուներ սպանելու խորթ հորը` մոր վրեժը լուծելու համար։

«Մեր ազգային կրոնական օրենքով նա չպետք է պատժվի.  նա իր մոր վրեժն է առել: Հայաստանի օրենքներով նա մարդասպան է, Ձեր օրենքով նա իր արածի համար պատասխանատվության է ենթարկվում, իսկ մենք չենք պատժում, արդարացնում ենք։ Նախ եզդին պետք է ամուսնանար իր կրոնի մարդու հետ, մայրը սխալ էր արել, բայց տղան չէ»,- ասաց Թամոյանը` հավելելով, որ հնարավոր է՝  ինքը դիմի ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին՝ այս ամենը հաշվի առնելով Մաքսիմ Բաքոյանի պատիժը մեղմելու խնդրանքով։

Հիշեցնենք, որ Մաքսիմ Բաքոյանի մորը՝ ազգությամբ եզդի Մայա Բաքոյանին մեկ տարի առաջ Թուրքիայում սպանել էր ամուսնու՝ Էվիլիա Գյուլիշթեքինի եղբայրը՝  4 տարեկան որդու աչքի առջև հրազենային մահացու վնասվածք հասցնելով հարսին: Մարտի 15-ին Մաքսիմը, որը մինչեւ այդ Գերմանիայում էր ապրում, վերադարձել էր Գյումրի և իր երկու հարազատ քույրերի, խորթ հոր եւ նրա 2 զավակների հետ ապրում էր Գյումրիում: Սպանությանն ականատես էր եղել Մաքսիմի մորաքույրը, որը NEWS.am-ին պատմել էր, որ Մաքսիմը դանակը մտցրել է խորթ հոր սիրտը, երբ վերջինն ասել է, որ Թուրքիա է գնալու՝ նրա մոր արյան փողը վերցնելու: «Մաքսիմն էլ՝ թե ոնց, դու մամայիս փողով ե՞ս սպանել, դու հասկանում ե՞ս՝ ինչ ես խոսում»,- ըստ Մաքսիմի հորաքրոջ, ասել էր տղան, վիճել խորթ հոր հետ ու դանակահարել նրան։

23-ամյա Մաքսիմ Բաքոյանը կալանավորված է։