Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չպետք է հատի մայրցամաքային Ուկրաինայի «կարմիր գիծը»: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն «Շուստեր Live»-ին տված հարցազրույցում, հաղորդում է «Ուկրաինսկայա պրավդան»:
Նրա խոսքով՝ Ուկրաինան պատրաստ է «պրոֆեսիոնալ, հագեցած ու արդյունավետ կերպով» պաշտպանել իր սահմանները, եթե ռուսական ուժերը մտնեն Խերսոնի մարզ: ՆԱՏՕ-ի զորքերն Ուկրաինա չեն մտնի, սակայն ինքն Ուկրաինան «այնքան ուժեղ կգտնվի, որ նրա դեմ ռազմական տեսակետից Ռուսաստանը փաստարկներ չի ունենա»:
«Ուստի պահում ենք բռունցքները, որպեսզի նման բան տեղի չունենա, եւ որպեսզի Պուտինը վերջնականապես բանականությունը չկորցնի, երբ ոտքերի տակ հող չի զգա: Սակայն եթե նա քայլ ձեռնարկի, մենք կպատասխանենք»,- հավելել է Տիմոշենկոն: Նա վստահություն է հայտնել, որ Ղրիմի վերադարձը, ժամանակի հարց է:
Նրա կարծիքով՝ Պուտինը ցանկանում էր օգտագործել առիթն ու գրավել ողջ Ուկրաինան, սակայն «բլիցկրիգը չստացվեց»:
Նա դժգոհություն է հայտնել, թե ինչպես են ընդդիմադիր «ՈւԴԱՌ», «Սվոբոդա» եւ «Բատկիվշչինա» կուսակցությունները նոր կառավարությունում պաշտոններ զբաղեցրել՝ «մեծ պայքարում մեծ զոհերով»: Նրա կարծիքով՝ անհրաժեշտ է ներգրավել բարձրակարգ մասնագետների, որոնք կարող են իշխանության աշխատանքի բարձր որակ ապահովել:




























