Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ տնտեսական պատերազմի նախադրյալներ են երեւում: Այդ մասին լրագրողներին հայտարարել է Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն, հաղորդում է լիտվական Delfi.lt պարբերականը: Նրա կարծիքով՝ պատերազմը կարող է անդրադառնալ ոչ միայն Ուկրաինայի վրա: Սակայն լրացուցիչ պատժամիջոցները, ինչպես նաեւ ԵՄ եւ Ուկրաինայի միջեւ համաձայնությունը կզայրացնեն Ռուսաստանին:

Համաձայնության ստորագրությունը նա «պատմական» է անվանել, ինչը կարեւոր է Ուկրաինայի, Եվրոպայի, նաեւ Լիտվայի համար: «Սակայն, հասկանալի է, որ փաստը կարող է դժվարությամբ ընդունվել մեր որոշ հարեւանների կողմից»,- հայտարարել է նա:

Նա իր ուրախությունն է հայտնել Ռուսաստանի նկատմամբ ավելի խիստ պատժամիջոցների առթիվ: Նա չի թաքցնում, որ ԵՄ շատ առաջնորդների «երկար եմ համոզել»:

Նրա կարծիքով նկատելի են նախադրյալներ, որ Ուկրաինայի դեմ տնտեսական շրջափակում կկիրառվի: «Մենք չենք կարող գուշակել, թե ինչպես կարձագանքի զայրացած, բարկացած ու դժգոհ հարեւանը»,- հայտարարել է Գրիբաուսկայտեն:

«Մենք սառը պատերազմի շեմին ենք»,- ընդգծել է նա ու հավելել, որ Բալթյան երկրներն ու Լեհաստանն ճակատի առաջին գծում են: