NEWS.am-ը ներկայացնում է «Ֆորբս» ամսագրում հրապարակված Փոլ Ռոդերիքի հոդվածը՝ Ռուսաստանի մեկուսացմանն ուղղված միջազգային պատժամիջոցների եւ դրանց հետեւանքների մասին:
«Ուրբաթ՝ մարտի 21-ը սեւ օր դարձավ Վլադիմիր Պուտինի համար:
Բրյուսելում ԵՄ-ն Ուկրաինայի հետ ստորագրել է ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը, որը դուռ է բացում Ուկրաինայի համար մի քանի տարվա ընթացքում ԵՄ անդամակցության համար: Իր կողմից, Ուկրաինան պարտավորվել է դառնալ բաց, ժողովրդավարական երկիրը՝ օրենքի գերիշխանությամբ, որը ԵՄ անդամակցության պայմաններից է:
Բրյուսելում ԵՄ երկրների առաջնորդները ընդլայնել են ռուս պաշտոնյաների եւ Պուտինի մերձավորների ցանկը, որոնց դեմ պատժամիջոցներ կկիրառվեն:
Եվրոպացիներն այդ ցանկում ավելացրել են Դմիտրի Կիսիլյովին, որը Պուտինի կողմից նշանակվել է լրատվամիջոցներում քարոզչության պետ: ԱՄՆ նախկին դեսպան Մայք Մաքֆոլը էլ ավելի խորն է մտցրել մեխը, հարցազրույցում նշելով, որ Կիսիլյովը 2010 թվականին Կիսիլյովը ԱՄՆ պետքարտուղարության հաշվին որպես հյուր եղել է ԱՄՆ-ում:
Երբ ռուս լրագրողները Կիսիլյովից հարցրել են, թե ինքը «ԱՄՆ վճարովի գործակալ» չի՞ հանդիսանում, Պուտինի գլխավոր քարոզիչը կտրուկ պատասխանել է. «Այլեւս ինձ չզանգեք, ողջ կյանքում չզանգեք»: (նշենք, որ Կիսիլյովը հակապուտինյան ցույցի մասնակիցներին անվանել էր Պետքատուղարության վճարովի գործակալներ):
Նույն Բրյուսելում ԵՄ առաջնորդները կրկին կոչ են արել ԵԱՀԿ հարյուրավոր դիտորդներ ապահովել, որոնք կցրվեն Ուկրաինայի ողջ տարածքով՝արտաքին (ռուսական) միջամտության դեպքերը դիտարկելու եւ ռուսախոս բնակչության իրավունքների զանգվածային խախտումների մասին Պուտինի հայտարարությունը հետաքննելու համար։ Եթե Ռուսաստանը համաձայնություն չտա [ԵԱՀԿ դիտորդների ներկայության], ԵՄ-ն սեփական դիտորդներ կուղարկի։
Լոնդոնում, ըստ The Telegraph-ի, վարչապետ Դեյվիդ Քեմերոնը բախվում է խորհրդարանական աճող աջակցությամբ ամրապնդված կոչերի, որոնք ուղղված են Պուտինին բարեկամ օլգարխների՝ ֆուտբոլային «Չելսի» ակումբի սեփականատեր Ռոման Աբրամովիչի եւ «Արսենալ» ակումբի հիմնական բաժնետեր Ալիշեր Ուսմանովի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելուն։ Երկուսն էլ անշարժ գույք ունեն ԱՄՆ-ում եւ Միացյալ Թագավորությունում։
Մոսկվայում «Ռոսիա» բանկի, Խնայբանկի, SMP եւ «ԻնվեսթԿապիտալ» բանկի հարյուր հազարավոր հաճախորդներ հայտնաբերել են, որ իրենց VISA եւ Mastercard քարտերն այլեւս չեն ընդունվում։ Դրանցում առկա միջոցները կարելի է ստանալ միայն տվյալ բանկերից։ «Նովայա գազետան» հայտնում է խոսակցությունների մասին, թե իբր ռուսական բանկերը դուրս կմղվեն բանկային փոխանցումների համաշխարհային SWIFT համակարգից եւ որ Շվեյցարիայում ռուսական ավանդները կարգելափակվեն։
Պուտինի՝ իր 170,000 դոլար աշխատավարձը «Ռոսիա» բանկում պահելու որոշումը քչերին է հանգստացրել։ Սպասվում է ռուսական բանկերից ավանդների զանգվածային դուրսբերում։
Վաշինթոնում ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը էլ ավելի մեծ մեկուսացման է ենթարկել Պուտինի մերձավոր շրջապատի անձնական բանկը, «Օզերո» կոոպերատիվը, որում ներառված են Պուտինի մերձավորներ Ռոտենբերգ եղբայրները եւ Գենադի Տիմչենկոն: Վերջինս վերացրել է իր բաժնետոմսերը ստվերային Gunvor առեւտրային ընկերությունում՝ ԱՄՆ գանձապետարանի հայտարարությունից հետո, որ Պուտինը անձնական ներդրումներ ունի Gunvor-ում եւ հասանելություն ունի ընկերության ֆոնդերին:
Մոսկվայում Պուտինը հանդիպել է ռուսական բիզնեսի առաջնորդների հետ, որպեսզի հանգստացնի եւ ցրի նրանց մտավախությունները: Նա, ինչպես միշտ, հանդիպմանը եկել է 45 րոպե ուշացումով: Բաց նիստից հետո, Պուտինը երկժամյա փակ հանդիպում է ունեցել Ռուսաստանի ձեռնարկատերեր միության վարչության անդամների հետ: Աղբյուրներից մեկը հայտնել է, որ գործարարները հանդիպումը լքել են «մտորումների համար լայն սնունդով»: Նրանք ընդգծել են կարեւորությունը, որ «ոչ ոք հետագայում ագրեսիվ գործողությունների չդիմի» եւ ուրախացել են, որ «Պուտինը բոլոր հարցերի խաղաղ լուծում է ուզում»:
Գերմանիայում հայտնի Bild թերթը հրապարակել է 6 պատժամիջոցներից բաղկացած ցանկը, որոնք առավել շատ կազդեն Ռուսաստանի վրա: Ցանկում է 2018-ին Ֆուտբորի աշխարհի առաջնության վայրը փոխելը, Ռուսաստանին «Եվրատեսիլ-2014»-ից հեռացնելը, «Շալկե» ֆուտբոլային ակումբի մարզաշապիկից «Գազպրոմի» լոգոտիպը հանելը, «Աէրոֆլոտի» դեպի Գերմանիա ամենօրյա 52 չվերթները հանելը:
Բացի այդ, այդ պատժամիջոցների ցանկում Bild-ը կոչ է արել Գերմանիային ամբողջությամբ հրաժարվել ռռուսական գազ գնելուց եւ օգտվել Նորվեգիայից ներմուծվող, ինչպես նաեւ պահեստարաններում կուտակված գազից:
Բրյուսելում եւ Վաշինգթոնում պաշտոնատար անձինք հայտարարել են, որ իրենք նախապատրաստել են պատժամիջոցների երրորդ փուլը, որով էլ ավելի կընդլայնվի պատժամիջոցների ենթակա պաշտոնատար անձանց ցանկը, որտեղ կներառվեն արդյունաբերական ձեռնարկություններ, այդ թվում «Գազպրոմը» եւ «Ռոսնեֆտ» պետական նավթային ընկերությունը: Այդ պատժամիջոցների կիրառմամբ կդադարեն բոլոր ներդրումային նախագծերը, որոնք նախատեսում էին արեւմտյան ներդրումներ եւ տեխնոլոգիաներ:
Մեկ շաբաթյա անվճռականությունից հետո Եվրոպան ու Միացյալ Նահանգները որոշել են Պուտինին լուրջ վնասներ պատճառել՝ չնայած նրան, որ դա նշանակում է տնտեսական դժվարությունների առաջացում նաեւ հենց այդ երկրներում: Նրանք պետք է կանխեն Պուտինի կողմից կոպիտ ուժի անխոհեմ կիրառումը, կանխեն անպատիժ ծաղրանքն ու սուտը: Երբ ռուս ժողովուրդն ազատվի ռուսական լրատվամիջոցների Մեծ Ստից ու սկսի սեփական գրպանից վճարել Պուտինի արկածախնդրության դիմաց, հպարտությունը կանհետանա: Նրանք կհարցնեն՝ ինչո՞ւ նա, ով երկար 14 տարիների ընթացքում իշխանության գլխին էր, իրենց այդ իրավիճակին է հասցրել: Արդյոք ժամանակը չէ՞, որ նա հեռանա:




























