«Ժամանակ» թերթը գրում է. «Եթե Արեւմուտքը ուժով չի կանգնեցնում Ռուսաստանին, ապա էլ ինչո՞վ: Այս հարցն այսօր համաշխարհային օրակարգի թիվ մեկ հարցն է, որից կախված է շատ պետությունների, այդ թվում եւ Հայաստանի ճակատագիրը: Այս հարցն այսօր համաշխարհային քաղաքականության հիմքում ընկած հարցն է՝ ինչո՞վ է հնարավոր կանգնեցնել Ռուսաստանին, եւ արդյո՞ք նման խնդիր դրված է, թե ոչ:
Արեւմուտքը, ըստ էության, գիտակցաբար է գնում սառը պատերազմի ճանապարհով, գիտակցաբար է Ռուսաստանից նոր եւ ուժեղ բեւեռ կերտում, որպեսզի սրանով լուծի մի քանի հարց: Առաջին հերթին, բեւեռացումը Ռուսաստանի վրա դնում է ահռելի տնտեսական բեռ, քանի որ ցանկացած աշխարհաքաղաքական բեւեռ կոպիտ եթե ասենք՝ փող արժե: ԽՍՀՄ-ը փլուզվեց հենց այն ժամանակ, երբ ֆինանսները վերջացան:
Այսինքն, բեւեռացնելով, մղելով բեւեռացման, Ռուսաստանին ըստ էության դնում են ծախսային մի այնպիսի ռեժիմի մեջ, որ նույնիսկ առանց պատժամիջոցների՝ դա արդեն իսկ պատիժ է Մոսկվայի համար: Սրանից բացի՝ տեղի է ունենում մի շատ կարեւոր այլ բան: Ռուսաստանը բեւեռանում է Չինաստանի հարեւանությամբ: Չինաստանը ժամանակակից աշխարհում քողարկված խնդիր է, մինչդեռ գլխավորներից մեկը, եթե ոչ ամենագլխավորը: Չինաստանը զուսպ է, հանդարտ, հավակնությունները քիչ են, սակայն այս ամենի փոխարեն՝ նա շարունակում է հզորանալ եւ աճել:
Արեւմուտքը Չինաստանի համար Ռուսաստանը պոտենցիալ, թեկուզ կարճաժամկետ դաշնակցից կամ գործընկերոջից վերածում է երկրորդ մրցակցի: Բանն այն է, որ բեւեռացող Ռուսաստանը չի կարող Արեւմուտքի հետ գործել մի տրամաբանությամբ, իսկ Չինաստանի հետ մեկ այլ: Բեւեռը բեւեռ է, եւ այդ տրամաբանության մեջ հայտնվելու դեպքում Ռուսաստանը պետք է համապատասխան հավակնություն դրսեւորի նաեւ Չինաստանի հետ հարաբերություններում: Իսկ դա Պեկինի եւ Մոսկվայի փոխհարաբերություններում առաջացնելու է նոր արգելքներ ու խոչընդոտներ, ձեւավորելու է մրցակցություն եւ Չինաստանին ստիպելու է այսպես ասած՝ երկու ուղղությամբ բաշխել աճող ռեսուրսները:
Այսինքն, եւ Ռուսաստանը, եւ Չինաստանը ստիպված են լինելու կիսվել երկու ուղղությամբ՝ մրցակցելու համար: Արեւմուտքն էլ՝ երկու, սակայն խնդիրն այն է, որ ի տարբերություն Ռուսաստանի եւ Չինաստանի, Արեւմուտքն ունի եւ Չինաստանից, եւ Ռուսաստանից մի քանի անգամ ավելի ռեսուրսներ: Հայաստանին հարկ է երեւի թե պատրաստվել այդ սցենարին, որն իհարկե հնարավորներից մեկն է ընդամենը, բայց կարծեք թե շատ հավանականը: Եթե իհարկե Հայաստանն ունի այդքան հնարավորություններ ու կամք եւ կարող է որեւէ սցենարի ինքնուրույն պատրաստվել: Մի կողմից՝ սա ըստ էության նշանակում է աշխարհաքաղաքական մի ռեժիմ, որում Հայաստանը կշարունակի «դանդաղ մահվան» ընթացքը, մյուս կողմից լավ է, որ աշխարհն ամենայն հավանականությամբ չի թեւակոխում Հայաստանի համար «արագ մահվան» ռեժիմ, եւ այդքանով շանս կա խուսափելու պետականությանը սպառնացող տխուր հեռանկարից: Սակայն շանսը շատ քիչ է, որովհետեւ պետք են այն օգտագործողներ: Հայաստանում կա հենց այս պակասը»:
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում



























