Բրազիլիայի կառավարությունը Ռիո դե Ժանեյրոյում զորքեր տեղակայել` հանցավորության բարձր մակարդակի պատճառով:  Այս մասին ուրբաթ օրրը հայտնել են Ռիո դե Ժանեյրոյի նահանգապետ Սերժիու Կաբրալը եւ արդարադատության նախարար Ժոզե Էդուարդու Կարդոզուն:

Իշխանություններն արտակարգ քայլին դիմել են ուրբաթ օրը նախագահ Դիլմա Ռուսեֆիի եւ նահանգապետ Կաբրալի հետ հանդիպումից հետո: Վերջինս զեկուցել էր Ռիո դե Ժանեյրոյի աղքատ թաղամասերում իրավիճակի մասին, որտեղ թմրամաֆիայի խմբավորումները մի շարք զինված հարձակումներ են գործել  այսպես կոչված խաղաղապահ ոստիկանության պահակակետերի վրա:  Հերթական հարձակման հետեւանքով Մանգինյուսում վիրավորվել էր երեք ոստիկան: Գիշերը հարձակված հանցագործները թաղամասն ամբողջությամբ հոսանքազրկել էին`մթության քողի տակ անկաշկանդ գործելու համար, հաղորդում է   ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Նահանգապետը հրաժարվել է հայտնել, թե որքան զինծառայողներ եւ որ ստորաբաժանումներից են տեղափոխվելու Ռիո դե Ժանեյրո: Ըստ արդարադատության նախարարի` զորքերը քաղաք կարող են ժամանել արդեն այս հանգստյան օրերին: